«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը հայտարարում է «Տալենտում» ծրագրի մրցույթ
«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը հոկտեմբերի 25-ից հայտարարում է «Տալենտում» տաղանդների կրթական և զարգացման 2022/2023թթ․ծրագրի կրթաթոշակառուների մրցույթ ` 10-16 տարեկան տաղանդավոր պատանի երաժիշտների համար:
Հիմնադրամից մանրամասնում են՝ ծրագրին կարող են դիմել Հայաստանի երաժշտական և արվեստի դպրոցների, երաժշտական քոլեջների աշակերտներ հետևյալ մասնագիտություներով՝ ջութակ, ալտ, թավջութակ, ֆլեյտա, հոբոյ, կլարնետ, ֆագոտ, գալարափող, շեփոր, տրոմբոն, հարվածային գործիքներ, դաշնամուր և տավիղ:
Միջազգային ժյուրիի կողմից ընտրված լավագույնների համար հիմնադրամն անվճար հիմունքներով կազմակերպում է վարպետության դասեր աշխարհահռչակ արտիստների հետ, օտար լեզուների բանավոր խոսքի զարգացման դասընթացներ, այցելություններ թանգարաններ, այցելություն համաշխարհային մեծության արտիստների համերգների: Պատանի տաղանդները, ծրագրի շրջանակներում ստացած գիտելիքները ցուցադրում են իրենց համերգային ելույթների ընթացքում: Բացի այդ, ծրագրի մասնակիցներին հիմնադրամը տրամադրում է ֆինանսական աջակցություն:
Ծրագրին դիմելու համար փաստաթղթերի և տեսաձայնագրության ընդունման վերջնաժամկետը 2022թ. նոյեմբերի 10 է:
Կրթաթոշակին դիմելու բոլոր մանրամասները կգտնեք www.m4f.foundation կայքի «Մեր ծրագրերը» բաժնում:
Հիմնադրամից հիշեցնում են, որ «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը ստեղծվել է դիրիժոր Սերգեյի Սմբատյանի կողմից 2019թ. և մինչ օրս Տալենտում ծրագրի կրթաթոշակառուներ են հանդիսացել 25 պատանի տաղանդներ: