Աշխատանքային իրավունքների պաշտպանության տեսանկյունից նոր ռազմավարությունը թերի է. Նինա Հակոբյան
«Խնդիր է դրված աղքատությունը հաղթահարել տնտեսական ակտիվության և զբաղվածության մեխանիզմենրի միջոցով, այստեղ կարևոր է նաև աշխատանքային իրավունքները և ռազմավարությամբ նշված է արժանապատիվ աշխատանքի ապահովման լուծումը»,-«Մեդիա կենտրոնում» հրավիրված ասուլիսում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը:
Վերջինս ներկայացրեց նախարարության մշակած և հանրային քննարկման ներկայացրած «Աշխատանքի և սոցիալական պաշտպանության 2022-2026 թթ. ռազմավարությունը»։
Նա հայտնեց, որ հանրային դատին ներկայացված ռազմավարությունից բխում են մի քանի այլ ռազմավարություններ, մասնավորապես՝ Զբաղվածության ռազմավարությունը, որը քննարկման փուլում է:
Փոխնախարարի խոսքով՝ կատարվել են ուսումնասիրություններ, վեր հանվել թիրախներ և ռազմավարության շրջանակներում արդեն իսկ մշակվել է աշխատանքային օրենսգրքի խոշոր փաթեթ, որով ապահովվելու է ռազմավարության կետերի իրացումը:
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբան Նինա Հակոբյանն էլ կարևորեց, որ ռազմավարությունը թիրախավորել է աշխատանքի իրավունքի կոնկրետ խնդիրներ:
«Միայն թե աշխատանքի իրավունքների պաշտպանության տեսանկյունից այն թերի է՝ առկա բոլոր խնդիրների ամրագրման, դրանց առնչությամբ պետության առաջադրած լուծումների տրամադրաման տեսանկյունից»,-հայտարարեց իրավաբանը:
Նինա Հակոբյանը հիմնավորեց, որ ռազմավարությունում խոսվում է տղամարդկնաց և կանանց իրավունքների հավասարեցման խնդրի մասին, սակայն դրանց լուծման ուղղությամբ չեն տրվել մեխանիզմներ:
Մեկ այլ օրինակով նա փաստեց, որ ռազմավարությամբ գործազրկությունից ապահովագրություն է նախատեսվում ներդնել, ինչպես նաև՝ ռիսկային աշխատանքով զբաղվողների համար, բայց ռազմավարության ելքային տվյալներում դրանց լուծման ուղղությամբ որևէ քայլ չի նախատեսվում:
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանն էլ նշեց, որ ռազմավարությունը գրեթե չի անդրադարձել աշխատավայրերում առողջ և աշխատանքային պայմանների ապահովմանը, սահմանված չէ նաև աշխատատեղերի ատեստավորման կարգը:
Անդրադառնալով սեփական իրավունքների մասին աշխատողների իրազեկվածության խնդրին՝ մանասերյանն ասաց. «Կլինի ավագ դպրոցում, բուհում, թե քոլեջում՝ մարդը որոշակի իրազեկվածության մակարդակ պետք է ունենա մինչ աշխատաշուկա մտնելը: Մենք ունենում ենք դեպքեր, երբ աշխատողը գալիս է խախտված աշխատանքային իրավունքով և նույնիսկ չգիտի այդ աշխատանքային պայմանագրում ի՞նչ է գրված, չի էլ կարդացել, որոնք կարևոր հարցեր են, որոնք հետո բերում են ավելի խորը խնդիրների»: