Հայերեն կներկայացվի Ֆերնանդու Պեսոայի «Պատգամ» ստեղծագործությունը
Առաջին անգամ հայերեն է թարգմանվել պորտուգալալեզու հեղինակ Ֆերնանդու Պեսոայի «Պատգամ» ստեղծագործությունը։
«Էդիթ Պրինտ» հրատարակչությունից հայտնում են, որ գրքի շնորհանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին՝ ժամը 19:00-ին, «Զանգակ» գրատանը։
Ֆերնանդու Պեսոան համաշխարհային մակարդակով ամենաշատ թարգմանված պորտուգալալեզու հեղինակներից է: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են շուրջ 40 լեզվով: Ֆերնանդու Պեսոան ապրել է 1888-ից մինչև 1935 թ. Ընկած ժամանակահատվածում: Մահացել է 47 տարեկանում:
Ամենահայտնի պորտուգալացի գրողն է, ներառված է դպրոցական ծրագրում ուսումնասիրվող գրողների ցանկում: Ֆերնանդու Պեսոան մեծ ազդեցություն է թողել ինչպես իր դարաշրջանի՝ 20-րդ դարի առաջին տասնամյակի մոդեռնիստների սերնդի, այնպես էլ հետագա՝ պորտուգալացի և արտասահմանցի բանաստեղծների, արվեստագետների սերունդների վրա: Իր կյանքի ընթացքում Ֆերնանդու Պեսոան հրատարակել է ընդամենը մեկ գիրք՝ «Պատգամը», որը հրատարակվել է 1934 թվականին՝ բանաստեղծի մահից մեկ տարի առաջ:
«Այս ստեղծագործությունը մի ուրույն պատմամշակութային ակնարկ է, որը բացահայտում է պորտուգալացի ժողովրդի էությունը, ուստի հայ ընթերցողը կզմայլվի ոչ միայն ստեղծագործության գեղագիտությամբ, այլև կթերթի պորտուգալացի ժողովրդի պատմության որոշ էջերը:
Ստեղծագործությունը հայերեն է թարգմանվել առաջին անգամ և այն իրագործվել է Պորտուգալիա - Հայաստան Բարեկամության Միության անմիջական աջակցությամբ»,- նշում են «Էդիթ Պրինտ» հրատարակչությունից։
Գրքի նկարազարդողն է Մարիու Լինյարեշը, թարգմանիչը՝ Լուսինե Բրուտյանը։