«Կներեք, պատերազմ է». Յուրի Շևչուկը չի կարողացել մասնակցել «TENCO» մրցանակաբաշխությանը
«ԴԴՏ» ռոք-խմբի հիմնադիր, ղեկավար և երգերի հեղինակ Յուրա Շևչուկն արժանացել է իտալական երաժշտության գլխավոր և ամենալուրջ մրցանակներից մեկին՝ TENCO AWARD-ին։ Սան Ռեմոյում՝ Արիստոն թատրոնում կայացել է պարգևատրման արարողությունը և դափնեկիրների համերգը։
Եվրայուզը գրում է, որ Շևչուկը չի մասնակցել մրցանակաբաշխությանը, այլ ձայնագրել և տեսաուղերձ է ուղարկել կազմակերպիչներին՝ ներողության և շնորհակալական խոսքերով։
«Կներեք, պատերազմ է։ Մարդիկ մահանում են։ Մշակույթը տառապում է», - ասել է նա։
Շևչուկի խոսքով՝ Ռուսաստանում մտավոր աշխատանքի մարդիկ այժմ ենթարկվում են «ամենադաժան գրաքննության և ռեպրեսիայի»՝ հիշեցնելով, որ խմբի բոլոր համերգները երկրում չեղարկվել են։ Երաժիշտը հույս է հայտնել, որ հաջորդ տարի կկարողանա գալ և ելույթ ունենալ Սան Ռեմոյում։
Մրցանակը սահմանվել է 1974 թվականին՝ ի հիշատակ երգիչ և կոմպոզիտոր Լուիջի Տենկոյի։ Այն շնորհվում է իտալացի և արտասահմանցի երաժիշտներին, ովքեր, ըստ հիմնադիրների, մեծ ներդրում ունեն երաժշտության զարգացման գործում։