Բարդուխ Գաբրիելյանն առաջարկել է կասեցնել Սևանի ավազանում ոչ մետաղական հանքերի աշխատանքը
Սևանի ավազանում՝ հատկապես Մարտունու շրջանում, ոչ մետաղական հանքերը կարող են գումարային ազդեցություն ունենալ «Սևան» ազգային պարկի վրա, լուրջ վտանգ պարունակել լանդշաֆտի փոփոխման, գետերի վերին հոսանքներում կենսաբազմազանության վրա: Նման կարծիք է հայտնել Սևանա լճի փորձագիտական հանձնաժողովի նախագահ Բարուխ Գաբրիելյանը հանձնաժողովի վերջին նիստում, որտեղ քննարկվել է Սևանա լճի էկոհամակարգի վրա ոչ մետաղական հանքերի ազդեցության խնդիրը:
«Մենք այդ հանքերի գումարային ազդեցության գնահատական չունենք: Գուցե առաջարկենք այս գործունեության ժամանակավոր կասեցում մինչև ռազմավարական ՇՄԱԳ իրականացվի»,- առաջարկել է նա։
ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, հանձնաժողովի նախագահի տեղակալ, ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը նշել է, որ, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գրության համաձայն, Սևանա լճի ավազանում տրված է ոչ մետաղական հանքերի ընդերքօգտագործման 25 թույլտվություն, սակայն տիեզերական նկարներից երևում է, որ միայն Գեղհովիտի բազալտի հանքի տարածքում առկա է 38 մեծ ու փոքր փորվածք 2019թ. դրությամբ, իսկ 2022թ.՝ ավելի շատ:
«Ամբողջությամբ լանդշաֆտը վնասված է, անմիջապես Արգիճի գետի հարևանությամբ է, 200 մ է հեռու գետից: Ջիլ-Արտանիշ հատվածում ևս մի քանի տասնյակ բաց հանք կա»,- ասել է Խաչատուր Մելիքսեթյանը:
ՏԿԵՆ-ի ընդերքօգտագործման իրավունքի ձևավորման և կենտրոնացված մատյանի վարման բաժնի պետ Կարեն Գասպարյանը նշեց, որ Գեղհովիտի տարածքում տրված է մեկ ընդերքօգտագործման, երեք ուսումնասիրության թույլտվություն:
ՀՀ ՇՄՆ-ի հողերի և ընդերքի քաղաքականության վարչության գլխավոր փորձագետ Կարեն Եպիսկոպոսյանը նշեց, որ նախարարությունը տեղյակ չէ, թե ինչքան հող է խախտվել, ինչ չափով:
Որոշվել է, որպեսզի Սևանա լճի փորձագիտական հանձնաժողովը նամակով դիմի ՏԿԵՆ և ՇՄՆ, որպեսզի Սևանա լճի ավազանի համար իրականացվի ռազմավարական ՇՄԱԳ գնահատում՝ պարզելու, թե ավազանում տնտեսական տարբեր գործունեության տեսակները գումարային ինչ ազդեցություն են ունենում Սևանա լճի վրա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին