Պեսկովը հայտարարել է, թե Ուկրաինայից «կեղտոտ ռումբի» կիրառման սպառնալիքն ակնհայտ է
«Կեղտոտ ռումբի» կիրառման հնարավորության մասին տեղեկատվությանը հավատալը կամ չհավատալը Արևմուտքի գործն է, սակայն այդ սպառնալիքն ակնհայտ է: РБК-ի թղթակցի փոխանցմամբ լրագրողներին այդ մասին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Նրանց անվստահությունը չի նշանակում, որ նման «կեղտոտ ռումբի» սպառնալիքը դադարում է գոյություն ունենալ։ Սպառնալիքը կա: Այդ տեղեկությունը ներկայացվել է պաշտպանության նախարարի զրուցակիցներին։ Դրանից հետո հավատալը կամ չհավատալը նրանց գործն է»,-ասել է Պեսկովը:
Հոկտեմբերի 23-ին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների գործընկերներ՝ Հուլուսի Աքարի, Սեբաստիան Լեկորնուի, Բեն Ուոլեսի և Լլոյդ Օսթինի հետ, և նրանց հայտնել Կիևի կողմից «կեղտոտ ռումբի» օգտագործման հավանականության մասն: Ավելի ուշ Պետդեպարտամենտի ղեկավար Էնթոնի Բլինքենը, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարներ Քեթրին Քոլոննան և Ջեյմս Քլերլին հայտարարություն են տարածել՝ մերժելով ռուսական կողմի մեղադրանքները։ Նրանք ևս մեկ անգամ հավաստիացրել են Ուկրաինային իրենց աջակցությունը։
Նման ռումբի կիրառման հնարավորությունը հերքել է նաեւ Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբան՝ Մոսկվայի հայտարարությունները անվանելով անհեթեթ եւ վտանգավոր։ Ավելի ուշ նա Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավարին առաջարկել է փորձագետներ ուղարկել Ուկրաինա, քանի որ Կիևը «թաքցնելու ոչինչ չունի»։
«Կեղտոտ ռումբը» կարող է բաղկացած լինել ռադիոակտիվ նյութերի և պայթուցիկ նյութերի տարաներից։ Նման ռումբի տարբերակներից մեկը կարող է լինել ռադիոակտիվ նյութերի օգտագործմամբ ոչ ռազմական կայանքի պայթեցումը:
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինայում 1,5 մլն բաժանորդ մնացել է առանց էլեկտրականության
- Շոլցը խոստովանել է՝ Ռուսաստանը երբեք չի սպառնացել սրել Ուկրաինայում հակամարտությունը
- Ամբողջ Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարված
- Զելենսկու գրասենյակի ղեկավար Երմակը «օգտակար ապուշներ» է անվանել նրանց, ովքեր ոչ Ուկրաինայի պայմաններով խաղաղության կոչ են անում