Սոս Սարգսյանի ծննդյան օրն է
«Առանց Արցախի մենք չկանք և առանց մեզ Արցախը չկա, սա պետք է հասկանալ: Եվ չի կարելի այդքան տգետ լինել ու ազգը բաժան-բաժան անել: Էդ նույն մտածողությամբ կարելի է ասել` երևանցի և վանաձորցի կամ գյումրեցի: Էս ի՞նչ ենք անում: Այս կյանքում հաղթանակ են տանում այն ազգերը, ովքեր միաձույլ են, ովքեր մի դավանանք, մի նպատակ ու մի հավատ ունեն: Մեր նպատակը մեր պետությունը կառուցելն է, ես նկատի ունեմ նաև մեր Արցախը, որը պիտի գուրգուրենք ամեն րոպե: Պիտի հիշենք, որ սա աներևակայելի հաղթանակ է: Ինձ թվում էր, որ էս հաղթանակը մեզ մի քանի տասնյակ տարիներ կպահի ոգևորության, էյֆորիայի մեջ, որ մեր բարոյական աստիճանը կբարձրանա: Բայց, ի զարմանս ինձ, այդ ամենը շատ կարճ տևեց». Սոս Սարգսյան («Կինոաշխարհ», 24 Հոկտեմբեր 2013)։
Այսօր դերասան Սոս Սարգսյանի ծննդյան օրն է. ծնվել է 1929 թվականին, Ստեփանավանում։
Սոս Սարգսյանը 1954 թ-ին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1954–91 թթ-ին եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի դերասան, 1991 թ-ից Համազգային թատրոնի հիմնադիր-գեղարվեստական ղեկավարն է: 1992 թ-ից դասավանդում է Երևանի թատերարվեստի և կինոյի պետական ինստիտուտում (1998–2005 թթ-ին՝ ռեկտոր, 2003 թ-ից՝ պրոֆեսոր):
Սարգսյանը դեռևս ստեղծագործութան վաղ շրջանից, մերժելով պաթոսային, կեցվածքային-հռետորային խաղակերպը, դրսևորել է բնութագրական դերասանին բնորոշ հատկանիշներ Մելքոնի (Ալեքսանդր Շիրվանզադեի «Քաոս»), Ջոն Պրոկտորի (Արթուր Միլլերի «Սալեմի վհուկները»), Տիբալտի (Վիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ») և այլ դերակատարումներում. վերջինս աչքի էր ընկնում կերպարի լիարժեք բացահայտմամբ: Նրա դերասանական խառնվածքն առավել համոզիչ արտահայտվել է իր նախասիրած՝ տառապող և ուժեղ բնավորությունների անձնավորումներում՝ Զիմզիմով (Գաբրիել Սունդուկյանի «Պեպո»), Դոն Կիխոտ (Միխայիլ Բուլգակովի «Դոն Կիխոտ»), Յագո, Ջոն արքա, Լիր (Վ. Շեքսպիրի «Օթելլո», «Ջոն արքա», «Լիր արքա», նաև վերջինիս ռեժիսորն է), Ադամյան (Ժորա Հարությունյանի «Խաչմերուկ», ՀՀ Պետական մրցանակ՝ 1979 թ.), Մացակ («Հացավան», ըստ Նաիրի Զարյանի), Թաղապետ (Էդուարդո դե Ֆիլիպոյի «Սանիտայի թաղապետը», նաև ռեժիսորն է) և այլն:
Սարգսյանն առանձնահատուկ տեղ ունի նաև հայ կինոյում, որտեղ ստեղծել է ազգային տիպական և մնայուն կերպարներ: Խորհրդային կինոարվեստում միլիցիոների կերպարի անձնավորման փայլուն օրինակներից է Սարգսյանի Քննիչը («Մենք ենք, մեր սարերը», 1969 թ.): Լավագույն կինոդերերից են նաև Մկրտիչը («Եռանկյունին», 1967 թ., ՀՀ Պետական մրցանակ՝ 1975 թ.), Զամբախովը («Խաթաբալա», 1971 թ.), Սմբատը («Քաոս», 1973 թ.), Նահապետը («Նահապետ», 1977 թ.), Ձորի Միրոն («Ձորի Միրոն», 1980 թ.), Համբոն («Գիքորը», 1982 թ.), Ասացողը («Մատենադարան», 1983–2002 թթ., հեռուստաֆիլմ, ՀՀ Պետական մրցանակ՝ 1988 թ.) և այլն: Նկարահանվել է նաև այլ կինոստուդիաներում («Սոլյարիս», 1973 թ., «Երկնագույն մավրիկիոսը», «Հետաքննության հանձնաժողովը», 1978 թ., և այլն):
Սարգսյանը հանդես էր գալիս նաև ասմունքով: Հյուրախաղերով շրջագայել է Լիբանանում, Սիրիայում, ԱՄՆ-ում, Կանադայում և այլուր: 1991 թվականին հիմնել է Համազգային թատրոնը, եղել է թատրոնի գեղարվեստական ղեկավարը։
«Հիմնեց թատրոն, երբ պատերազմ էր, երբ մշակույթը որերորդ պլան էր մղվել։ Հասկանում էր, որ իրականում երկիրն արվեստով է ապրում»,- ավելի վաղ Panorama.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ վաստակավոր արտիստ, Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը։
Սարգսյանը գրել է «Վարագույրից այս կողմ» (1991 թ.), «Ընդհատում» (2000 թ.), «Մենք ու մերոնք...» (2010 թ.) գրքերը:
ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը մահացել է 2013 թվականի սեպտեմբերի 26-ին։
Հարակից հրապարակումներ`
- «Պապին...»
- Սոս Սարգսյանը թատրոն էր հիմնադրել երեք սկզբունքների հիման վրա
- Կադրից այն կողմ… Սոֆիկ Սարգսյան՝ նույն ինքը՝ «Նահապետ»-ի Նուբարը (տեսանյութ)
- «Փրկեք մեր հոգիները». Ալեքսանդր Մինկինը պատմում է մեծանուն դերասան Սոս Սարգսյանի վերջին հրաժեշտի մասին
- Սոս Սարգսյան. «Հոգիս չառած, միտքս չառնես, Աստված» (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին