Առանց սահմանային անվտանգության՝ սոցիալ-տնտեսական քաղաքականություն անհնար է իրականացնել. Սուրեն Պարսյան
Կառավարությունն օրերս հայտարարեց տնտեսության աննախադեպ՝ 13.9 % աճի մասին: Թե ինչքանո՞վ են տնտեսական աճի հիմքում ընկած ժամանակավոր գործոնները և ինչպիսի՞ն է անվտանգային հարցերի ազդեցությունը տնտեսության վրա, Panorama.am-ը պարզեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանից:
«Այս տարվա 8 ամիսների հաշվարկով տնտեսական աճը կազմում է 13.9 %, որն աննախադեպ բարձր ցուցանիշ է՝ հաշվի առնելով այն բացասական կանխատեսումները, որ կային այս տարվա հետ կապված: Անշուշտ, այս աճի հիմնական գործոնն արտաքին է՝ պայմանավորված Ռուսաստանից եկող կապիտալով և ռուս տուրիստների հոսքով: Սրա արդյունքում մեր մոտ կտրուկ աճ է գրանցել ծառայության ոլորտը, մասնավորապես՝ ֆինանսաբանկային համակարգը, սնունդը կեցությունն և այլն: Աճ է գրանցել նաև առևտրի ոլորտը՝ մեծածախ առևտրի մասով: 13.9 % աճի մոտ 11 %-ը կազմում են այս երկու ոլորտները:
Պայմանավորված այս հոսքերով՝ տնտեսական վերոնշյալ աճը ժամանակավոր բնույթ է կրում, երբ այս հոսքերը դադարեն, կամ սառեցվեն, ապա մենք կունենանք կտրուկ անկում: Նման իրավիճակ էր 2000-ականներին, երբ շինարարության ոլորտի հաշվին մենք մշտապես ունեինք երկնիշ աճ տնտեսության մեջ և երբ 2008-2009թթ այդ հոսքը նվազեց, մենք ունենցանք 14.5 % տնտեսական անկում:
Այսինքը, մենք ունենք փուչիկ աճ, որը որևէ ներքին ներուժ, հիմք չունի: Երբ այս գումարների հոսքը դադարի՝ այդ աճը կտրուկ կնվազի: Այս աճին զուգահեռ մենք գյուղատնտեսության ոլորտում ունենք անկում: Մասնավորապես առաջին կիսամյակում այս ոլորտի անկումը կազմել է 5.5 %, այն դեպքում, երբ գյուղոլորտում աշխատում է մեր բնակչության 1/3-ը: Նշեմ, որ աղքատների թիվն ավելի մեծ է հենց գյուղական շրջաններում: Այսինքը Հայաստանի բնակչության այն հատվածը, որն աղքատության հետ ավելի սերտ է առնչվում, նրաց վիճակն այս տարվա ընթացքում էլ ավելի է վատթարացել, որը ևս մեկ անգամ վկայում է, որ մեր երկրում եկամուտների բաշխումն ու վերաբաշխումն արդարացի տեղի չի ունենում և այս 13.9 %-ից օգտվել են շատ քիչ թվով մարդիկ՝ բանկային հատվածի, ծառայության ոլորտի, խոշոր ներկրողների ոլորտների աշխատակիցները:
Ամփոփելով պետք է արձանագրենք, որ այն չի լուծել մեր տնտեսության երկարաժամկետ զարգացման խնդիրը, ուղղակի այս տարվա տնտեսական աճի խնդիրն ենք լուծել և տպավորիչ թիվ ենք ստացել, բայց այս տպավորիչ թիվը նաև խնդիրներ է առաջացրել հասարակության այլ խմբերի համար: Օրինակ՝ երբ ռուս տուրիստների հոսքով մեր մոտ անշարժ գույքի գները, մասնավորապես՝ վարձակալության գները մի քանի անգամ աճել են, այն մեր պաշտոնյաները ներկայացնում են տնտեսական աճ, բայց չեն նշում, որ հազարավոր հայաստանցիներ, որոնք այստեղ վարձով են ապրում, խնդրի առաջ են կանգնած և ստիպված են մի քանի անգամ ավել վճարել վարձակալության համար, այն դեպքում, երբ նրանց աշխատավարձերը, թոշակները և նպաստները չեն ավելացել մի քանի անգամ: Այսպիսով՝ մի կողմից երբ պետությունը նշում է, որ եկամուտներ ունի, ապա պետք է նաև նշի, որ դրանք ապահովելու արդյունքում հասարակության մի զգալի մաս փաստի առջև է կանգնել: Ինչպե՞ս ենք այս խնդիրը լուծում, ուղղակի ա՞չք ենք փակում այդ ամենի վրա և վե՞րջ: Ակնհայտ է, որ կառավարությունն այս պահին հաշվում է միայն դրսից եկով գումարների քանակը և չի մտածում դրանց արդյունավետ օգտագործման, դրանք տնտեսության մեջ ներդնելու մասին և հաջորդ տարվա ամբողջ պետական քաղաքականությունը բյուջեն և տնտեսական կանխատեսումները հիմնված են այն ենթադրության վրա, որ պահպանվելու է ՌԴ-ից եկող այս եկամուտների հոսքը: Ո՞վ է ասել, որ այդ եկամուտները երաշխավորված են և այդ գումարները դեռ կլինեն:
Մենք ներկայում ունենք բարդ խնդիր, որի լուծման համար մեր ներքին ներուժի մեկտեղման հարց ունենք: Ի հաշիվ սպառման և ծառայության ոլորտի աճի՝ մենք չենք կարող անընդհատ տնտեսությունը թարմացնել, վերազինել, զարգացնել: Ամենահիմնական խնդիրն այս պահին՝ անվտանգության հարցն է: Եթե կառավարությունը չի կարողանում լուծել երկի սահմանային անվտանգության հարցը, ապա այդ երկրում տնտեսական-սոցիալական քաղաքականությունն ուղղակի անհնար է իրականացնել, այն լուրջ խնդիրների առաջ է կանգնած: Եթե կառավարությունն օր առաջ, ժամ առաջ չկարողացավ լուծել հիմնահարցը, ապա մեր տնտեսական, սոցիալական քաղաքականությունը բավականին լուրջ խնդիրների առաջ է կանգնելու և էլ ավելի է սրվելու: Օրինակ բերեմ: Սեպտեմբերի 13-14-ի ագրեսիայի հետևանքով մենք ունեցանք մոտ 7000 տեղահանված, այսինքը՝ նրանց սոցիալական վիճակն էլ ավելի վատթարացավ: Ունենք մի քանի հարյուր տներ, որոնք քանդվել են, որը դարձյալ սոցիալական խնդիր է: Ունենք նաև ենթակառուցվածքների խնդիր: Այսինքը՝ այս սոցիալական խնդիրներն ավելի են սրվելու և տնտեսությունը ի վիճակի չի լինելու այդ խնդիրները փակել:
Ամփոփելով պետք է նշեմ, որ այս պահին մեր աղքատության խնդրի լուծման հիմնական գործոնը դարձել է անվտանգությունը: Քանի դեռ մեր անվտանկգության խնդիրը չենք կարողացել լուծել, մեր աղքատությունն էլ ավելի է սրվելու»,-ասաց Սուրեն Պարսյանը:
Զրուցեց՝ Ա. Վարդանյանը
Հարակից հրապարակումներ`
- Սուրեն Պարսյան. Հայաստանի սննդի արտադրության ոլորտը ճգնաժամի մեջ է
- Կառավարությունն ասում է՝ «Աղքատ ես, քանի որ անխելք ես». Սուրեն Պարսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան