Երեք քաղաքացու ձերբակալել են հենց բնակարանում
Տևական օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում հավաստի տվյալներ են ստացվել, որ Երևանում բնակվող 39-ամյա երկու տղամարդ Եղվարդ քաղաքի Պարույր Սևակի փողոցի առանձնատներից մեկում ապօրինի պահում են զենք-զինամթերք։
Ոստիկանությունից հայտնում են՝ տարածքային քննչական մարմնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հոկտեմբերի 18-ին իրավապահ մի շարք կառույցների ծառայողներ, դատարանի որոշմամբ, խուզարկել են Եղվարդի Պարույր Սևակի փողոցի առանձնատներից մեկը։ Հայտնաբերվել են գործարանային համարով «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի փամփուշտներով, մարտական վիճակի բերված «Pietro Beretta» ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի փամփուշտներով, «Սայգա» տեսակի հրազեն՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի փամփուշտներով, ինքնաձիգի փամփշտատուփ՝ լիցքավորված 29 փամփուշտով, զրահաբաճկոններ, մարիխուանայի նմանվող զանգված և այլն։
Հենց բնակարանում ձերբակալվել են ու քննչական մարմնին ներկայացվեցին Երևանում բնակվող 39-ամյա երկու տղամարդն ու նրանց 33-ամյա ընկերը, որն օտարերկրյա քաղաքացի է։ Նրանք կալանավորվել ու տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։