«Դոլարների տերերը որքան բարձր են խոսում Հայաստանի՝ խոչընդոտ լինելու մասին, այնքան մեր իշխանություններն ավելի վատ են լսում»
«Օրվա իշխանությունը հետևողականորեն ձախողում է տնտեսական անվտանգության սպառնալիքների նվազեցման և չեզոքացման գործընթացը»,-ԱԺ հայտարարությունների ժամին ունեցած ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:
Հիշեցնելով, որ գործող իշխանությունը իր վերջին ծրագրում ամրագրել էր, որ Հայաստանի կայուն տնտեսական զարգացման հիմնապայմանը տարածաշրջանում տնտեսական ապաշրջափակումն է, կոմունիկացիաների բացումը՝ պատգամավորը հայտարարեց, այդ ծրագրային դրույթը իրականում ևս ձախողվում է, որի մասին արդեն բաց տեքստով ասվում է աշխարհաքաղաքական կենտրոնների հայտարարություններում:
«Օր-օրի պարզ է դառնում, որ Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանային նոր կոմունիկացիաներից: Ինչո՞ւ: Մեկ հոգի է որոշում Հայաստանի և երեք միլիոն քաղաքացիների վաղվա օրը՝ մեր և մեր երեխաների ճակատագիրը, ինչ ուզում՝ բանակցում՝ բացառապես առաջնորդվելով մահաբեր իր իշխանությունը երկարաձգելու շահով»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:
Նրա խոսքով` իշխանությունները աշխարհաքաղաքական բախումների կիզակետում Հայաստանը դարձրել են մանրադրամ, վարում են իրարամերժ բովանդակությամբ բանակցություններ:
«Իբրև մանևրում են աշխարհաքաղաքական կենտրոնների միջև՝ մեր երկիրը իրականում տանելով դեպի ավելի վտանգավոր ծուղակներ, անդառնալի կորուստներով: Ըստ էության՝ խաբում են ամենուր և բոլորին, բացահայտված սուտը և իրենց ձախողումը փորձում են կոծկել ավելի մեծ և վտանգավոր ստերով: Առանց հաշվարկների և ռիսկերի գնահատման՝ բերում են արտաքին տնտեսական անվտանգության նոր սպառնալիքներ: Մեր երկրի արտաքին տնտեսական զարգացման իրական հնարավորությունները և առավելությունները, ավանդական ուղղությունները՝ Ռուսաստանը, Իրանը, Չինաստանը, Հնդկաստանը, իրականում անտեսվում են, դառնում են առավել անորոշ՝ աճող ռիսկերով: Փոխարենը՝ պոպուլիստական նախաձեռնություններով սպասում են ի սկզբանե գոյություն չունեցող արդյունքներ՝ 150 հազար դոլար ներդրման դիմաց ՀՀ քաղաքացիություն, թուրք-ադրբեջանական ներդրումներ և զարգացում»,-ասաց Ավետիսյանը:
Պատգամավորը հայտարարեց, որ այդ կերպ Հայաստանը կորցնում է բարեկամ և ռազմավարական դաշնակից երկրների հետ տնտեսական կապերի խորացման իրական ներուժը, զուգահեռաբար՝ մեծանում են նաև թուրք-ադրբեջանական տանդեմի տնտեսական ներխուժման ախորժակն ու սպասումները:
«Հայաստանի տնտեսական անվտանգությունը և կայուն զարգացումը նավթադոլարային հենք չի կարող ունենալ շատ պարզ պատճառով՝ այս դոլարների տերերի երկարաժամկետ ծրագրերում ինքնիշխան Հայաստանը և հայ ժողովուրդը հայտարարված են՝ որպես հիմնական խոչընդոտ: Այս մասին նրանք որքան բարձր են խոսում, այնքան Հայսատանի ներկայիս իշխանությունները ավելի վատ են լսում:Այս իշխանությունները ձախողել են հանրային կյանքի բոլոր ուղղությունները. ոչ բանակցել գիտեն, ոչ էլ ներքին բարեփոխումներն են հասցրել վերջնանպատակին: Այս իշխանությամբ ապագա չկա»,-հայտարարեց Թադևոս Ավետիսյանը:
Հարակից հրապարակումներ`
- 680 հազարին խոստացել էին Շուշի և Հադրութ և ոչ սեպտեմբերի 13, 200-ից ավելի նոր զոհ. Գեղամ Նազարյան
- Մեր ժողովրդի իրավունքների գողն ի վերջո պատասխան կտա. Գեղամ Մանուկյան
- Ագնեսա Խամոյան. Փաշինյանին այդ միջանցքը կտրվի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան