Արման Չիլինգարյանի «Լույսի կաթիլներ» ֆիլմն ընտրվել է Ֆլորենցիայի փառատոնի մրցութային ծրագրում
Կինոռեժիսոր Արման Չիլինգարյանի «Լույսի կաթիլներ» լիամետրաժ խաղարկային ֆիլմն ընտրվել է Ֆլորենցիայի միջազգային երկրորդ կինոփառատոնի (Florence International Film Festival) մրցութային ծրագրում ցուցադրության համար։ Հայաստանի ազգային կինոկենտրոնի հաղորդմամբ, փառատոնը տեղի կունենա Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում` նոյեմբեր ամսին։
Ֆիլմը, որը նկարահանվել է պետական ֆինանսական աջակցությամբ, տեղափոխում է 1990-ականների Հայաստան՝ մութ ու ցուրտ տարիներ, Սովետական միության փլուզումից հետո՝ Անկախ Հայաստան: Այն պատմում է, թե ինչպես է զինվորական կալանքից ազատվելուց հետո՝ զորացրվելով Արսենը վերադառնում տուն: Ծնողները ավտովթարից զոհվել էին, երբ նա կալանքում էր: Բանակային անցյալը և իր հետ այնտեղ տեղի ունեցածը ազդեցություն է թողել Արսենի վրա: Լուռ վերապրելով անցյալը փորձում է համակերպվել քաղաքացիական կյանքին: Նրան փորձում է օգնել բանակային հրամանատարը, որը դարձել է հոգևորական: … և այդ խավարի մեջ Արսենը հանդիպում է Մարիին:
Կինոնկարի համասցենարիստներն են՝ Արման Չիլինգարյանը և Գարիկ Մաշկարյանը, օպերատորը՝ Արտո Խաչատրյանը, նկարիչը՝ Ներսես Սեդրակյանը, կոմպոզիտորը՝ Լևոն Թևանյանը, հնչյունային ռեժիսոր՝ Տիգրան Կուզիկյանը: Այս ֆիլմում իր վերջին դերն է խաղացել Վիգեն Ստեփանյանը: