«Ի՞նչ սկսզբունքով է կրկին վերանորոգվում Կ. Դեմիրճյանի անվան դպրոցը, երբ նույն 9-րդ Մասիվում գտնվող 198-րդ դպորցը խղճալի վիճակում է»
«Նախատեսվում է, որ վարկային միջոցներով առաջիկա 3 տարիների ընթացքում հնարավոր կլինի անել էական քայլեր, որոնք կարևոր են կրթական բարեփոխումների ներկա փուլում, առաջինը՝ թվով 4 ավագ դպրոցների հիմնանորոգումն ու վերակառուցումն է և անհրաժեշտ գույքով համալրումը»,-ԱԺ նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Նա ներկայացրեց ՀՀ-ի ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2022 թ. հունիսի 9-ին ստորագրված ««Կրթության բարելավման ծրագրի» լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը, որով Հայաստանին է տրամադրվելու 22,6 մլն եվրո:
Փոխնախարարը տեղեկացրեց, որ վարկային միջոցներով նաև 200 հանրակրթական ուսումնական հաստատություններում կհիմնվեն նոր լաբորատորիաներ:
«Գիտեք, որ Կառավարության 2021-26 թթ. ծրագրով նախատեսված է, որ մեր բոլոր 1400 դպրոցները կունենան լաբորատորիաներ»,-հայտարարեց Մարտիրոսյանը և տեղեկացրեց, որ վարկային միջոցներով կստեղծվի նաև 80 նախակրթարան:
Փոխնախարարի խոսքով՝ դրամաշնորհային ծրագրի հետագա շարունակականությունը թույլ կտա օժանդակել կայուն համայնքային նախադպրոցական ծառայությունների ստեղծմանը և զարգացմանը:
Տեղեկացնելով, որ գործող դրամաշնորհային համակարգը հնարավորություն կտա ընտրելու կարիքավոր համայնքները՝ Արթուր Մարտիրոսյանը հայտնեց, որ առաջնահերթությունը կտրվի այն համայնքներին, որոնցում դեռևս չկան գործող մանկապարտեզներ և նախակրթարաններ:
«Հատկապես կկարևորվեն սահմանամերձ և այն համայնքները, որոնցում մեծ է Արցախյան վերջին պատերազմով պայմանավորված տեղահանված և վերաբնակեցված ընտանիքների թիվը, ինչի հետևանքով տվյալ համայնքներում աճել է նախադպրոցական տարիքային խմբի երեխաների թիվը»,-հայտնեց փոխնախարարը և հավելեց, որ նոր ծրագրով կֆինանսավորվի նախադպրոցական կրթության 80 միկրոծրագիր:
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը, ԿԳՄՍ փոխնախարարից ճշտելով, որ վերանորոգվող 4 դպրոցներից մեկը Կարեն Դեմիրճյանի անվան 139-րդ դպրոցն է, հայտարարեց, որ այն շատ ավելի բարվոք վիճակում է, քան նույն 9-րդ Մասիվում գտնվող մեկ այլ՝198-րդ ավագ դպորցը, որը խղճալի վիճակում է:
«Ի՞նչ սկզբունքով է ընտրվել 139-րդ դպրոցը նորից վերանորգման, այն դեպքում, երբ մյուս դպրոցը դրա կարիքը շատ ունի և չի ընտրվել»,-հարցրեց պատգամավորը:
Փոխնախարարը հստակ պատասխան չտվեց դպրոցների ընտրանքի սկզբունքի վերաբերյալ, այլ ասաց, որ կառավարությունը նախատեսում է 300 դպրոցի վերանորոգում, իսկ ներկայացված վարկային ծրագրով ընտրված է 4 դպրոց:
Հակոբ Ասլանյանին բավարարեց փոխնախարարի այդ պատասխանը և նա շնորհակալություն հայտնեց նրան:
Հարակից հրապարակումներ`
- Կրթությունը դարձնում ենք վիճակահանություն. Հովիկ Աղազարյան
- ԱԺ նիստին մասնակցող ՔՊ-ական պատգամավորները մեկ դեմ ձայնով հաստատեցին օրակարգը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան