Սերգեյ Փարաջանովի թանգարանն աճուրդներից գնումներ չի կատարում
«Լիտֆոնդ» աճուրդային տունը օրեր առաջ կազմակերպել էր առցանց վաճառք։ Լոտերի թվում է եղել վեց նամակներից բաղկացած եզակի արխիվը, որոնք կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը բանտից գրել է իր քրոջն ու հարազատներին։ InterMedia-ին «Լիտֆոնդ»-ի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ աճուրդի կատալոգում այս լոտը գնահատվել է 550 000 ռուբլի։
Panorama.am-ը հետաքրքրվեց Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյանից ՝ հնարավո՞ր է նամակները ձեռք է բերել հենց իրենց թանգարանը։ Նա ասաց, որ իրենք ձեռք չեն բերել։
Ա.Միքայելյանը նշեց, որ միշտ են լինում աճուրդներ, բայց թանգարանն իր գործունեության ընթացքում երբեք աճուրդներից իր բյուջեով գնում չի կատարել։
«Սովորաբար մասնավոր հավաքածուներում գտնվող Սերգեյ Փարաջանովի գործերը սեփականատերերն իրենք են նվիրել թանգարանին՝ հասկանալով, որ դրանց պահելու ճիշտ տեղը թանգարանն է։ Մեր հավաքածուն հարստացել է մասնավոր հավաքածուների նվիրատվությունների շնորհիվ։
Երբեմն եղել են դեպքեր, երբ սեփականատերերը ցանկացել են վաճառել, մեզ հայտնել են այդ մասին, ու մեր թանգարանի ընկերները, բարեկամները գնել ու նվիրել են թանգարանին»,- ասաց թանգարանի տնօրենը։
Ա. Միքայելյանի խոսքով, աճուրդներից գնումներ կատարելու համար պետք է պետական բյուջեով գումար նախատեսվի. «Այնպես չէ, որ նստենք, տեսնենք աճուրդում ինչ է վաճառվում, արագ գնանք, վերցնենք։ Դրա համար պետք է հատուկ բյուջե լինի»։