Հայաստանում ավելացել են ԶԼՄ-ների ու լրագրողների հանդեպ տարատեսակ ճնշումների դեպքերը. Զեկույց
«2022թ․ երրորդ եռամսյակը լրատվամիջոցների համար լարված ժամանակաշրջան էր, ինչը պայմանավորված էր մի շարք արտակարգ իրավիճակներով՝ օգոստոսին Երևանի «Սուրմալու» առևտրի կետրոնում մեկուկես տասնյակից ավելի մարդկանց կյանք խլած ուժգին պայթյունով և դրա հետ կապված հետագա իրադարձություններով, սեպտեմբերին Ադրբեջանի կողմից սանձազերծած նոր ագրեսիայով ու ՀՀ տարածքում շարունակվող բախումներով, ինչպես նաև երկրում ներքաղաքական պայքարի սրացումներով»,- այս մասին նշված է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի՝ Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների վերաբերյալ 2022թ. երրորդ եռամսյակային զեկույցում։
Նշվում է, որ ադրբեջանական ռազմական գործողությունները լուրջ սպառնալիք են դարձել նաև դրանք լուսաբանող ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար։ Մասնավորապես՝ Հայաստանի սահմանամերձ Սոթք բնակավայրում հակառակորդը թիրախավորել է լրագրողական խմբին և կրակ արձակել այդ ուղղությամբ։
Զեկույցի համաձայն. «Հայկական լրատվամիջոցների աշխատակիցների համար անհարկի խոչընդոտներ են ստեղծել նաև ռուս խաղաղապահները, որոնք արգելել են որոշ լրագրողների մուտքն Արցախ, ինչի համար պատշաճ հիմնավորում չի տրվել»։
Դիտարկվող ժամանակահատվածում կոնֆլիկտային միջադեպեր են գրանցվել բարձրաստիճան պաշտոնյաների և լրատվամիջոցների ներկայացուցիչների միջև՝ վերջիններիս կողմից մասնագիտական պարտականությունները կատարելիս։
«Ընդհանուր առմամբ՝ եռամսյակի ընթացքում 7-ով ավելացել են ԶԼՄ-ների ու լրագրողների հանդեպ տարատեսակ ճնշումների դեպքերը, այդ թվում՝ իրավական մեխանիզմների կիրառմամբ։ Ինչ վերաբերում է լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդեպ ֆիզիկական բռնություններին և տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներին, ապա դրանց թիվը նվազել է համապատասխանաբար 9-ով և 4-ով։ Այդուհանդերձ, իրավիճակը մնում է մտահոգիչ, քանի որ ճգնաժամային պայմաններում շարունակում են կրկնվել իրավապահների կողմից ուժի անհիմն կիրառման դեպքերը, պետական գերատեսչությունները հաճախ պատշաճ պատասխան չեն տալիս ԶԼՄ-ների՝ տեղեկություններ տրամադրելու հարցումներին, խնդրահարույց են մնում պաշտոնյա-լրագրող հարաբերությունները։
Այսպիսով, անցած երեք ամիսների ընթացքում ԽԱՊԿ-ն արձանագրել է լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ տարատեսակ ճնշումների 18 դեպք, տեղեկություններ ստանալու ու տարածելու իրավունքի 20 խախտում և 2 ֆիզիկական բռնության փաստ, որի արդյունքում տուժել է 3 ԶԼՄ ներկայացուցիչ։ Ընդդեմ լրատվամիջոցների ներկայացրած նոր դատական հայցերի թիվը 9 է։
Լրագրողների և լրատվամիջոցների իրավունքների խախտումների առավել արտառոց դեպքերի առնչությամբ լրագրողական 11 կազմակերպություններ հանդես են եկել դատապարտող հայտարարություններով։
Մեդիա դաշտում տեղի ունեցող իրադարձությունները եղել են նաև միջազգային կազմակերպությունների ուշադրության կենտրոնում։ Մասնավորապես՝ Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը ողջունել է Հայաստանում «ծանր վիրավորանքի» ապաքրեականացումը՝ այդ համատեքստում կարևորելով կառավարության և քաղաքացիական հասարակության կառույցների միջև երկխոսությունը։
Այսուհանդերձ, մտահոգիչ են իշխանությունների՝ առանց լրագրողական կազմակերպությունների հետ խորհրդակցելու ու քննարկումներ անցկացնելու օրենսդրական նախաձեռնություններ առաջ մղելու փորձերը։ Օրինակ՝ դիտարկվող ժամանակահատվածում այդպես են շրջանառության մեջ դրվել «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների և լրացումների երկու օրինագծերը»,- նշված է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի զեկույցում։
Ըստ կոմիտեի, ուշագրավ իրադարձություն էր սեպտեմբերի 14-ին ԱԺ-ի կողմից «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխությունների ընդունումը, որոնցով խստացվեց պատասխանատվությունը տեղեկատվության ազատության խախտումների համար։ Ըստ այդմ՝ հրապարակման ենթակա պաշտոնական տեղեկություններ չտրամադրելու համար սահմանված նվազագույն աշխատավարձի 10-ապատիկից մինչև 50-ապատիկի չափով տուգանքը դարձել է 30-ապատիկից 70-ապատիկ, իսկ վարչական տույժ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկին կատարելու դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 50-ապատիկից մինչև 100-ապատիկի չափով տուգանքը դարձել է 100-ապատիկից մինչև 150-ապատիկ:
Եռամսյակի ընթացքում շարունակվել է «Հայկական երկրորդ հեռուստաալիք»-ի ու Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի դատական վեճը՝ կապված ՀՌՀ անցկացված լիցենզավորման մրցույթների արդյունքում կայացված որոշումների հետ։ Ստեղծվել է մի աննախադեպ իրավիճակ, երբ դատական ատյաններում պարտվելուց հետո ՀՌՀ-ն ստիպված նոր մրցույթներ է հայտարարել հանրային մուլտիպլեքսում մայրաքաղաքային և հանրապետական սփռման սլոթերի գործածման լիցենզիաներ տրամադրելու համար։
Զեկույցում նշվում է, որ Հայաստանը, ըստ «Article 19» միջազգային կազմակերպության հուլիսի 12-ին հրապարակված զեկույցի, խոսքի ազատության առումով դասվել է թույլ սահմանափակումներով երկրների շարքին՝ 161 երկրների մեջ զբաղեցնելով 46-րդ տեղը։ Ի դեպ, Ադրբեջանը 136-րդ տեղում է, Թուրքիան՝ 141-րդ, Իրանը՝ 143-րդ․ վերջիններս դասվում են ճգնաժամային երկրների շարքին։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան