«Շփոթմունքի արդյունք է». Խոսնակը՝ Ալեն Սիմոնյանի հրապարակած թվի մասին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարած՝ ադրբեջանական սեպտեմբերի ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը՝ 240, շփոթմունքի արդյունք է։ Այս մասին հայտնում է ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։
«Հարգելի լրագրող գործընկերներ, ի պատասխան զանգերի, հայտնում եմ, որ այսօր ճեպազրույցին ՀՀ ԱԺ նախագահի կողմից հրապարակած ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը շփոթմունքի արդյունք է:
Խնդրում եմ թիվը հրապարակելիս՝ հաշվի առնել պաշտոնական տվյալները: Հայցում եմ բոլորի ներողամտությունը»,- գրել է Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին Աստանայում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին ունեցած ելույթում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Ագրեսիայի հետևանքով զոհերի և անհայտ կորածների թիվն այժմ գերազանցել է 210-ը, որից՝ 3 խաղաղ բնակիչ է զոհվել, 2-ը՝ անհայտ կորել։ Վիրավորվել է 293 զինծառայող և 8 խաղաղ բնակիչ։ Անհայտ կորած զինծառայողների թիվը 28 է։
Ադրբեջանը մինչ այժմ խոչընդոտում է վերջին ագրեսիայի ժամանակ զոհվածների դիերի դուրսբերմանը, իսկ մեր մի քանի տղաների աճյունները շարունակում են գտնվել միջդիրքային գոտիներում, որոնք գտնվում են Հայաստանի սուվերեն տարածքում։ Պայմանավորվածություն կա կազմակերպել դիերի դուրսբերումը մոտ օրերս։ Հուսով եմ, որ այս պայմանավորվածությունը կկատարվի»։
Նշենք նաև, որ մինչ օրս պաշտոնապես հրապարակված չեն թշնամու սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով զոհված հայ զինծառայողների անուն-ազգանունները։
Հարակից հրապարակումներ`
- Սեպտեմբերի 13-ի հարձակման հետևանքով ունենք 240 զոհ. Ալեն Սիմոնյան
- ՊՆ-ն գիտի տեղանքներ, որտեղ զինծառայողների դիեր կան, սակայն Ադրբեջանը թույլ չի տալիս մարմինները հանվել. ՄԻՊ
- Նիկոլ Փաշինյան. Պայմանավորվածություն կա կազմակերպել դիերի դուրսբերումը մոտ օրերս
- 13-օր է՝ Վերին Շորժայի ձորակում կան վիրավորներ և դիեր. Անհայտ կորած զինծառայողի հայր