Թախանձագին խնդրող սփյուռքի հանձնակատարը պետք է ուղեղով աշխատեր, ոչ թե նեղ անձնական փաշինյանական ամբիցիաներով. Մանուկյան
«Մեր գործիքակազմի մեջ կա և հանրահավաք, և բողոքի այլ գործողություններ, որոնք անպայման հարկ եղած դեպքում և ոչ շատ ուշ նաև գործի են դրվելու»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Գեղամ Մանուկյանը։
Ճեպազրույցին ներկա Քրիստինե Վարդանյանն ասաց, որ բոլորն են պատկերացնում աղետի մասշտաբը, դեպի որը գնում է Հայաստանը։
«Իհարկե, այս պայմաններում, ազգային ուժերը, որոնք ներկայացված են նաև խորհրդարանում, չեն կարղ ձեռքերը ծալած նստել ու տեսնել, թե ինչպես է գնացքը, որի մեջ ենք բոլորս, գլորվում անդունդը։ Հետևապես, այս տրամաբանության մեջ, հասկանում ենք և մեր ունեցած պատասխանավությունը պատմական այս ժամանակաշրջանում, և, իհարկե, հանդես ենք գալու ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերի մեր առաջարկներով, որոնք ուղղված են վերահաս աղետը կանխելուն»,- ասաց նա։
Անդրադառնալով հոկտեմբերի 28-31-ին Երևանում անցկացվելիք Համաշխարհային հայկական գագաթնաժողովին, որը կազմակերպվում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից, և որին չեն մասնակցելու Ամենայն Հայոց և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսները, ՀՅԴ-ն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանն ասաց. «Չգիտեի, որ Զարեհ Սինանյանը թախանձագին խնդրում է մասնակցել համահայկական գագաթաժողովին: Թախանձագին խնդրող սփյուռքի հանձնակատարը պետք է ուղեղով աշխատեր, ոչ թե նեղ անձնական փաշինյանական ամբիցիաներով, անցնող ամիսներին փորձեր հավուր պատշաճի կազմակերպել Հայրենիք-Սփյուռք համաժողովը։
Այդ համաժողովը կամ աշխատաժողովը կազմակերպվել է անհատական հրավերներով։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ճիշտ չի ասում, Հանրային հեռուստաընկերության եթերում էլ ճիշտ չի ասում, եթե չասեմ ստում է՝ որևէ համահայկական կառույց, կոնկրետ Հայ Յեղափոխական Դաշնակցություն, պաշտոնապես որևէ հրավեր չի ստացել։ Եթե նրանց թվում է, որ անհատական դաշնակցականներին այստեղ, այնտեղ կարող են հրավեր տալ և դա ձևակերպել Դաշնակցությանն ուղղված հրավեր կամ ուղեկից կազմակերպություններին, չարաչար սխալվում են։
Ով, ով, Սինանյանը շատ լավ գիտի Դաշնակցության կազմակերպվածությունը։
Անցնող չորս տարիներին Սփյուռքի դեմ այդ քանդիչ գործողությունները, փորձերը ձևավորել նոր կազմակերպություններ, կառույցներ, որոնք ամեն անգամ ձախողվում են, հենվել սփյուռքում ու ազգային կառույցներում հեղինակություն չունեցող անձանց վրա, հանգեցնելու է սրան: Սա խայտառակություն է, երբ Ամենայն Հայոց կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը պաշտոնապես հրաժարվում են Հայաստան-Սփյուռք համաժողովին մասնակցել:
Պառակտումը խորանում է, իշխանությունն անդադար փորձում է ճաքեր առաջացնել Սփյուռքում։ Գիտեք, սփյուռքի դեմ տարիներ, տասնամյակներ շարունակ, այդ թվում Մուրադ Փափազյանի, Փափազյան ընտանիք դեմ, աշխատել է հզոր պետություն Թուրքիան, սկսած ահաբեկչական փորձերից, օրինակ Մուրադ Փափազյանի հոր դեմ, վերջացրած միլիոնավոր դոլարներ ծախսելուց, գործի դնելով ամբողջ իրենց պետական համակարգը, չեն հաջողել, այս իշխանությունը հատկապես չի հաջողելու»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան