Պետդեպի փոխխոսնակ. Ուղիղ երկխոսություն է խնդիրների լուծման ու կայուն խաղաղության հասնելու բանալին
«Պետքարտուղարն ընդգծել է՝ ԱՄՆ-ն հավատարիմ է Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին, և մենք խրախուսել ենք երկու ղեկավարներին հանդիպել ցանկացած ձևաչափով, որն առավել օգտակար է նրանց համար»,-այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վենդանտ Պատելին այսօրվա ճեպազրույցում։
Լրագրողները նրանից հետաքրքրվել են պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Մարկ Կամերոնի՝ Հայաստանի սահմանամերձ բնակավայրեր կատարած այցի արդյունքների մասին։ Նաև հարցրել են՝ այն ԵՄ, ԵԱՀԿ առաքելություններից առանձի՞ն ու անկա՞խ է։
«Մեր տեսակետն այն է, որ ուղիղ երկխոսություն է խնդիրների լուծման ու կայուն խաղաղության հասնելու բանալին։ Հարավային կովկասի երեք երկրների սուվերենությանն ու անկախությանը չկա ավելի մեծ աջակից, քան ԱՄՆ-ն է։ 1991 թվականին Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի անկախության վերականգնումն այս երկրներից յուրաքանչյուրի համար երաշխավորում է իրենց արտաքին քաղաքական շահերը հետապնդելու, ինքնավարության իրավունք»,-ասել է նա։
Վենդանտ Պատելին հարցրել են նաև ականազերծման ֆինանսավորման ծրագրի ընթացքի մասին, նա խոստացել է մանրամասներ ճշտել ու հայտնել։
Հիշեցնենք, որ օրեր առաջ պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Մարկ Կամերոնն այցելել էր Գեղարքունիքի մարզ, եղել Վարդենիս ու Սոթքհետաքրր բնակավայրերում, հանդիպել ՀՀ ԶՈՒ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի հետ և դիտարկեյ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։ Այցի ընթացքում նա ընդգծել է Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանության և Հարավային Կովկասում տևական խաղաղության հարցերում։
Հարակից հրապարակումներ`
- Պետքարտուղարության ներկայացուցիչը ընդգծել է ԱՄՆ շարունակական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը
- Պետդեպը՝ ԵՄ դիտորդների Հայաստան ժամանելու մասին
- ԱՄՆ-ն կողջունի ցանկացած երկրի ջանքերն ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը.Պետդեպ
- Պետքարտուղարություն. Բլինքենը հորդորել է Ալիևին շարունակել շոշափելի քայլեր ձեռնարկել խաղաղ գործընթացին աջակցելու համար