Տիգրան Աբրահամյան. Ադրբեջանի նպատակն է Հայաստանին զրկել կենսունակությունից
«Ադրբեջանը փորձում է Հայաստանին զրկել իր կենսունակությունից»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նման համոզմունք հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով, թե 2021, թե 2022 թվականների ընթացքում Ադրբեջանի՝ Հայաստանի նկատմամբ իրականացրած ագրեսիաների իրական նպատակը հենց դա է։
«Շատ կարևոր են տարածքային կորուստները, բայց Ադրբեջանի գլխավոր նպատակը ոչ թե բնակավայրերն են, ոչ թե այս կամ այն ուղղությամբ հաջող ռազմական գործողություններն են, այլ Հայաստանի կարևոր օբյեկտների, ենթակառուցվածքների նկատմամբ վերահսկողության սահմանումն է, ինչն էլ Հայաստանին զրկելու է կենսունակությունից, հետևաբար նաև պայքարի, զարգացման հնարավորությունից»,- մանրամասնեց Աբրահամյանը։
Անդրադառնալով խաղաղության պայմանագրին ու դրա շրջանակում դելիմիտացիայի, դեմարկացիայի մասին խոսակցություններին, պատգամավորն ասաց՝ Ադրբեջանն իր համար ըստ էության ավարտել է այդ գործընթացը։
«Ավելին, ստեղծված իրավիճակը հետագայում նոր խնդիրներ է ստեղծելու Հայաստանի համար։ Ադրբեջանն այլևս դելիմիտացիայի, դեմարկացիայի գնալու նպատակ չի ունենալու, քանի որ այն բռնազավթել է Հայաստանի Հանրապետության այնպիսի տարածքներ ու տեղակայվել է այնպիսի ուղղություններով, որի պայմաններում իր հիմնական խնդիրը մի քանի տասնամյակի համար լուծել է»,-նշեց ընդդիմադիր գործիչը։
Հարակից հրապարակումներ`
- Թախանձագին խնդրող սփյուռքի հանձնակատարը պետք է ուղեղով աշխատեր, ոչ թե նեղ անձնական փաշինյանական ամբիցիաներով. Մանուկյան
- Ժամացույցներն ուղղելու անհրաժեշտություն կա. ՔՊ-ական պատգամավոր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան