Կառավարությունը ժամկետային զինծառայողներին հնարավորություն կտա 6 ամիս ծառայելուց հետո անցնել պայմանագրային ծառայության
«Նախագծով առաջարկվում է պայմանագրային զինվորական ծառայության գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով ներդնել շարքային և սպայական կազմերի՝ պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգ, որն անվանվելու է «Պաշտպան հայրենյաց» ծրագիր»,-կառավարության այսօրվա նիստում հայտնեց պաշտպանության նախարար` Սուրեն Պապիկյանը:
Նրա խոսքով՝ պարտադիր զինվորական ծառայության առաջին 6 ամիսը լրանալուց հետո կառավարության սահմանված կարգով պայմանագրային զինվորական ծառայության անցնելու հնարավորություն կտրվի՝ ծառայության ժամկետը սահմանելով 5 տարի:
«Ծառայության ժամկետն ավարտվելուց կամ հիվանդության պատճառով ժամկետից շուտ զորացրվելուց հետո նրանց համար սահմանվելու է պատվովճար ստանալու իրավունք: Պատվովճարի չափը նախատեսվում է սահմանել 5 մլն դրամ, որը տնօրինվելու է ազատորեն»,-ասաց Պապիկյանը:
Պաշտպանության նախարարը հայտնեց, որ պայմանագիր կնքած զինծառայողները ևս ենթակա են լինելու ատեստավորման և դրական արդյունքների դեպքում նրանց համար հաշվարկվելու է զբաղեցրած պաշտոնների խմբերի համար նախատեսված հավելավճարները:
«Պայմանագրային զինվորական ծառայությունից հրաժարվելու դեպքում այդ ժամկետը չի հաշվարկվելու պարտադիր զինվորական ծառայության ժամկետում և զինծառայողն ուղարկվելու է շարունակելու պատադիր զինվորական ծառայության չծառայած մասը»,-ասաց նա:
Պաշտպանության նախարարը հայտարարեց, որ դրանով դադարեցվելու է «Ես եմ» ծրագիրը, որի շրջանակներում ներկայում ծառայում է ընդամենը երկու զինծառայող, որոնց 36 ամսյա ժամկետն ավարտվում է 2023 թվականի հունվարին: