Ինչո՞վ է պայմանավորված վերջին օրերին դոլարի նկատմամբ դրամի արժևորումը
Վերջին օրերին դրամի արժևորումը դոլարի նկատմամբ պայմանավորված է միջազգային շուկայում տեղի ունեցող զարգացումներով։ Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Նարեկ Կարապետյանը։
Հիշեցնենք, որ այս շաբաթվա ընթացքում փոխարժեքի հայկական շուկայում դոլարը հետևողականորեն արժեզրկվում է։ Եթե մեկ շաբաթ առաջ բանկերում ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 403-404 դրամ, ապա վերջին երկու-երեք օրերին այն կտրում արժեզրկվել է՝ հատելով 400 դրամի սահմանագիծը։ Այսօր՝ ժամը 16:00-ի դրությամբ, Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 2.68 դրամով և կազմել 396.70 դրամ:
Նարեկ Կարապետյանի խոսքով՝ վերջին ամիսներին դրամի արժևորման հիմնական պատճառը դոլարի ներհոսքն էր, մասնավորապես, մինչև հունիս-հուլիս եղել է մոտ 200 մլն դոլարի լրացուցիչ ներհոսք, իսկ եթե ուսումնասիրում են արտերկրից ֆիզիկական անձանց կողմից Հայաստան փոխանցումներին, ապա ծավալը շատ ավելի մեծ է եղել։
Սակայն, ըստ տնտեսագետի, վերջին երկու օրերին տարադրամի ներհոսքի էական փոփոխություն չի եղել։
«Ընդհանրապես զարգացած ֆինանսական շուկաները նորությունների նկատմամբ շատ զգայուն են։ Վերջին օրերին ԱՄՆ-ը հրապարակել էր անշարժ գույքի գների աճի ցուցանիշը, որը վերջին ամիսների համեմատ դանդաղել էր, և սա հիմնականում բացատրվում է Միացյալ նահանգների դաշնային պահուստային համակարգի կողմից հիմնական տոկոսադրույքի բարձրացմամբ, ինչն էլ հանգեցրել է հիփոթեքային վարկերի թանկացման։ Արդյունքում, միջազգային շուկայում դոլարը փոքր-ինչ դիրքերը զիջել է», - ընդգծեց Նարեկ Կարապետյանը։
Նրա խոսքով՝ մեր շուկան բավականին զգայուն է և արագ արձագանքում է այդ զարգացումներին, ուստի այդ փոքր տատանումը դրանով կարելի է բացատրել։
Նշենք նաև, որ դրամը գրեթե մեկ տարում դոլարի նկատմամբ արժևորվել է մոտ 20%-ով։