Մատենադարանում կայացավ Կլոդ-Արմեն Մութաֆյանի «Երուսաղեմը և հայերը» գրքի շնորհանդեսը
Մաշտոցյան Մատենադարանի գիտական մասնաշենքում տեղի ունեցավ անվանի հայագետ, պատմաբան Կլոդ-Արմեն Մութաֆյանի «Երուսաղեմը և հայերը» գրքի շնորհանդեսը:
Կլոդ-Արմեն Մութաֆյանի նոր գիրքը նվիրված է հայկական Երուսաղեմին։ Գրքում ներկայացված են Երուսաղեմի Հայոց պատրիարքարանում և Սուրբ քաղաքում պահվող հայկական նշխարները՝ սկսած 5-րդ դարից։ Այստեղ ընթերցողը կգտնի Երուսաղեմի տարբեր եկեղեցիներում պահպանվող հայատառ խճանկարներ, Կիլիկիայի թագավորների արժեքավոր գավազաններ, պատրիարքարանում պահվող և Սալահ ադ-Դինին վերագրվող արտոնագիրը։ Գրքի կարևորագույն արժանիքներից մեկը հայ ձեռագրական մշակույթի գոհարների բացահայտումն է։ Այն ունի ուսուցողական և ճանաչողական բացառիկ նշանակություն։ Պատկերագիրքը հրատարակել է միջազգային ճանաչում ունեցող "Belle Lettre" հրատարակչատունը։
Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը գրքի շնորհանդեսին ասաց, որ Կլոդ-Արմեն Մութաֆյանն իր բազմաթիվ հրատարակություններով մեծապես հարստացրեց հայագիտության այս ուղղությունը, որը կարող են կոչել կիլիկիագիտություն։
«Մութաֆյանի հետաքրքրությունն ընդգրկում է մի շրջանակ, որը կարելի է անվանել Արևելյան Միջերկրական, Մեծ Ասորիք, կարելի է անվանել նաև Լևանտ։
Բազմաթիվ հետազոտություններ պտտվում են այդ նույն շրջանակի, տարածաշրջանի շուրջ, առաջին հերթին Կիլիկյան Հայաստան, Ասորիք, Երուսաղեմ, ընդհանուր Լևանտը։ Ինչո՞ւ Լևանտը, որովհետև Մեծ Հայքից դուրս թերևս հայ ժողովուրդը ոչ մի տեղ այդպիսի ծաղկուն, բարգավաճում չի ապրել, ինչպես իմ նշած Լևանտում։
Այստեղ է ծնվել, կերտվել Կիլիկյան Հայաստանը, որը թե ռազմաքաղաքական, թե մանավանդ մշակութային առումով մեր ժողովրդի ստեղծած ամբողջ ժառանգության գագաթն է ներկայացնում, զուգահեռաբար, իհարկե, ունենալով Զաքարյան Հայաստանում ծաղկող մշակույթը»,- ասաց Վահան Տեր-Ղևոնդյանը։
ԿԳՄՍ նախարար Վահան Դումանյանը կատարած աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց Կլոդ-Արմեն Մութաֆյանին, շնորհավորեց ծննդյան 80-ամյակի կապակցությամբ:
Նրա խոսքով՝ Կլոդ-Արմեն Մութաֆյանը, թեև իր գործունեությունը շարունակել է Ֆրանսիայում, երբեք չի դադարել հայ լինելուց և միշտ հավատարիմ է մնացել իր արմատներին ու հավաքական հիշողությանը, և պատահական չէ, որ նա ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ է, Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտոր։
Վահրամ Դումանյանը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում Կլոդ-Արմեն Մութաֆյանի վաստակը հայ մշակույթի պահպանման, հայագիտության զարգացման ու հանրահռչակման գործում և ՀՀ նախագահի հրամանագրով Սորբոնի համալսարանի պրոֆեսոր Կլոդ Արմեն Մութաֆյանը պարգևատրվում է «Մովսես Խորենացի» մեդալով:
Խոսելով «Երուսաղեմը և հայերը» գրքի մասին, Կլոդ-Արմեն Մութաֆյանն ասաց, որ գրքում շատ են նկարազարդումները. «Կարևոր են նկարազարդումները, միայն զարդ չեն, դրանք մարդու ուշադրությունն են գրավում։ Այս գրքում ոչ թե գրությունն է ուղեկցվում նկարներով, այլ նկարները գրությունով»։
Միջոցառման ընթացքում ներկայացվեց ևս մեկ գիրք: «Արևելյան աղբյուրագիտություն» շարքի 3-րդ հատորը ձոնվել է Կլոդ-Արմեն Մութաֆյանի 80-ամյակին։ Հատորում ընդգրկված են արժեքավոր հոդվածներ՝ նվիրված հայագիտության տարբեր խնդիրների։ Հոբելյարի վաղեմի ընկեր Ժերար Դեդեյանը՝ իր և Ագնես Ուզունյանի հեղինակած հոդվածում բացահայտել են Մութաֆյանի անխոնջ կերպարը։ Ժողովածոյում հոդվածներ կան Գուգարաց աշխարհի, արաբ-հայկական միջնադարյան փոխհարաբերությունների, մահմեդական կրոնափիլիսոփայական աշխարհայացքի, հայ-բյուզանդական եկեղեցական բանակցությունների, ասորերենից կատարված թարգմանական հիշատակարանների, Հեթում Ա-ի դրամների և այլ խնդիրների շուրջ։ Հոդվածների հեղինակները Հայաստանի և Եվրոպայի առաջատար գիտնականներ են։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։