ԱՆ. Ձևավորվելու է Ոստիկանական Գվարդիա
Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ոստիկանական Գվարդիայի ձևավորման վերաբերյալ քննարկում։
Արդարադատության նախարարությունից հայտնում են՝ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ընդգծել է ոստիկանության ոլորտի նախանշված բարեփոխումների շարունակականության ապահովումը՝ նշելով, որ այս հանդիպմամբ զարկ է տրվում Ոստիկանական Գվարդիայի ձևավորման աշխատանքների պլանավորմանը, ինչը չափազանց սպասված է:
Գվարդիան ընդգրկելու է Ոստիկանության զորքերը, Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունը և ուղեկցող գումարտակները: Ըստ այդմ՝ Գվարդիան, ըստ էության, սպասարկելու է հիմնական հետևյալ գործառույթները՝ հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգության ապահովումը, պետական և կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանությունը, հատուկ բեռների տեղափոխման անվտանգության ապահովումը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչպես նաև պետական արարողակարգով նախատեսված օտարերկրյա պատվիրակությունների, ներկայացուցիչների անվտանգության ապահովմանը աջակցելը:
Անդրադառնալով միավորվող կառույցներին՝ Ա. Սարգսյանը նշել է նաև, որ ներկայում Ոստիկանության զորքերին բնորոշ է արտաքին անվտանգության և իրավակարգի ապահովման պետական ֆունկցիաների (համապատասխանաբար արտաքին և ներքին) զուգակցում, որը չի բխում ոստիկանության առջև օրենքով դրված խնդիրներից: Ոստիկանության զորքերում ծառայություն անցնելու կարգը գտնվում է ռազմաիրավական օրենսդրության տիրույթում և լինելով ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանում՝ ծառայությունն իրականացվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով և դրանից բխող ենթաօրենսդրական ակտերով: Ուստի, անհրաժեշտ է ոստիկանական զորքերի ապառազմականացում և «մաքուր» ոստիկանական ծառայության իրականացում Գվարդիայի տանիքի ներքո:
Ըստ աղբյուրի, այս փոփոխությունը պահանջելու է կառուցվածքային և օրենսդրական փոփոխություններ, որոնք վերաբերելու են ֆունկցիոնալ բազայի վերանայմանը, կառուցվածքի փոփոխությանը, կադրերի ներգրավման կարգի փոփոխությանը, սոցիալական երաշխիքների վերանայմանը, կադրերի կրթության մեխանիզմի փոփոխությանը: Մշակվելու է հստակ ճանապարհային քարտեզ՝ ժամանակացույցով և պատասխանատուների շրջանակով:
Ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ Հայկ Բաբայանն ընդգծել է, որ նախատեսվող բարեփոխումների արդյունքում Ոստիկանության զորքերը պետք է իրապես լինեն պատրաստված, գործառույթների ծավալը պետք է լինի հստակ, իսկ դրանց իրականացման համար անհրաժեշտ նյութատեխնիկական հագեցվածությունը՝ անհրաժեշտ ու բավարար: