Հայ մարմնամարզիկները կմասնակցեն սպորտային մարմնամարզության աշխարհի 51–րդ առաջնությունը
Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 6-ը կանցկացվի սպորտային մարմնամարզության աշխարհի 51–րդ առաջնությունը: ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, դա մարզաձևում նշանակալից իրադարձություն է, որովհետև չեմպիոնները և առաջին վեց թիմերը կստանան Փարիզի օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք:
Առաջնությանը հայտավորված են 74 երկրների ավելի քան 400 մարզիկ – մարզուհիներ: Նրանց թվում կլինեն աշխարհի և օլիմպիական խաղերի բազմաթիվ չեմպիոններ և մրցանակակիրներ:
2019 թվականից ի վեր առաջին անգամ կանցկացվի աշխարհի թիմային առաջնություն: Կանանց և տղամարդկանց բազմամարտի եզրափակիչները նախատեսված են նոյեմբերի 3-ին և 4-ին, իսկ առանձին գործիքներինը՝ նոյեմբերի 5-ին և 6-ին։
Բիրմինգհեմից (1993), Լոնդոնից (2009) և Գլազգոյից (2015 թ.) հետո Լիվերպուլը բրիտանական չորրորդ քաղաքն է, որ հյուրընկալում է աշխարհի առաջնությունը:
Մարզասերները մրցահարթակում կտեսնեն Արթուր Դավթյանին /հենացատկ/, Վահագն Դավթյանին, Արթուր Ավետիսյանին /երկուսն էլ ՝ օղակներ/, Հարություն Մերդինյանին /նժույգթափեր/ և բազմամարտում ՝ Գագիկ Խաչիկյանին: Նրանց ասպարեզ կուղեկցի մարզիչ Հայկ Նազարյանը, իսկ հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը կաշխատի մրցավարական հանձնախմբում: