Նարեկ Ավետիսյանի «Բազմաշխարհը»
Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 20-ը Հայաստանի Նկարիչների միությունում ցուցադրվելու են Նարեկ Ավետիսյանի ստեղծագործությունները։ Ցուցահանդեսը կրում է «Բազմաշխարհ» խորագիրը, ներկայացված են լինելու 1991-2022 թվականներին ստեղծած գործերը։
Panorama.am-ը զրուցել է ժամանակակից նկարիչ Նարեկ Ավետիսյանի հետ ընտրված խորագրի, ներկայացվող աշխատանքների ընտրության, արվեստագետին նորովի բացահայտելու հնարավորության մասին։
Panorama.am- Սկսենք խորագրից՝ «Բազմաշխարհ»։ Ի՞նչ է իր մեջ ներառում բազմաշխարհը։
Նարեկ Ավետիսյան- Իմ ստեղծագործական ուղին ձևավորվել է ժամանակակից արվեստում խառը պատմական իրադարձությունների ժամանակ՝ Խորհրդային միության փլուզում, Արցախյան պատերազմ, երբ ուսանող ես, երկիր է փլուզվում, նորագույն արվեստի ինֆորմացիան սկսում է ավելի ազատ մուտք գործել, արժեքները փոխվում են։ Կոմպրոմիսի չգնալու, դեպի նորը ձգտելու իմ բոլոր ցանկությունների ազդեցության տակ ստեղծված առաջին աշխատանքներն են ներկայացվելու 1991 թվականից։
Ընտրել եմ, իմ կարծիքով, ամենակարևոր աշխատանքները։
Բազմաշխարհ... Վարկածներ են, որոնք առաջանում են կյանքից, կյանքն է թելադրում։ Միգուցե ամեն մարդ չէր լինի այսպես, հենց դրանում է հետաքրքրությունը, որ սուբյեկտիվ է արվեստագետի ընտրությունը։ Հնարավոր է արվեստագետի ստեղծագործական ուղին ընդամենը մեկ վարկած է բազմաթիվ այլ տարբերակներից, որոնք բոլորն էլ կարող էին լինել։ Կա ևս մեկ վարկած, երբ քո վարկածը զուգահեռ կերպով իրականանում է մի քանի հարթություններում կամ շերտերում։
Ցանկացած տարբերակ ի հայտ է եկել իմ կյանքի ընթացքում տեղի ունեցող իրադարձությունների հետևանքով։ Գիտակցաբար, թե անգիտակցաբար մենք լինում ենք մեր ժամանակի պատկերի ձևաստեղծողները և անտեսանելի գաղափարների առարկայացնողները։
Ցուցահանդեսում ներկայացված շրջանները կապված են բավական լուրջ փոփոխությունների հետ, որոնք տեղի են ունենում մեր երկրում, աշխարում, որպես մարդ, նկարիչ այդ ամենը զգալով, վերապրելով, ինձանից անկախ, ինչ-որ բաներ գիտակցաբար արել եմ ու այդ ամենը վերացական արվեստի ֆորմատների մեջ։
Մարդիկ, որոնք ծանոթ չեն իմ արվեստին, գուցե մի փոքր զարմանան՝ տեսնելով բավական տարբերություններ տարբեր շրջանների աշխատանքներում, բայց հետո ամբողջականը դիտելիս արդեն պատկերացում կկազմեն, որ էությունը, առանցքը նույնն է, պարզապես փոխվում է մարդու վերապրումները, մտածելարեպում նոր զարգացումներ են մտնում։
Երրորդ հարկում ներկայացված կլինի գեղանկարչության և թվային արվեստի մի սինթեզ, որն իմ նվաճումն է։ Բավական ծավալուն ցուցահանդես է։
Panorama.am-Ցուցահանդեսում ներկայացվող աշխատանքները բոլորը ձեր հավաքածուի՞ց են։
Նարեկ Ավետիսյան-Կան նաև մասնավոր հավաքածուներից աշխատանքներ։ Խնդրել եմ, ցուցադրելու նպատակով տվել են։
Panorama.am -Նման ցուցահանդեսով ներկայանալու նախաձեռնությունը ձե՞րն է։
Նարեկ Ավետիսյան-Այն նկարիչները, որոնք ցանկանում են անհատական ցուցահանդես ունենալ Նկարիչների միությունում, նախապես հերթագրվում են։ Իմ առաջարկն է եղել, երկու տարի առաջ հերթագրվել եմ։
Panorama.am-Վերջին երկու տարվա ողբերգական իրադարձությունները, պարտությունը պատերազմում, բնականաբար, ազդել են ձեր արվեստի վրա։ Ինչպե՞ս է ազդել՝ գունային առումով, թեմաների ընտրության։
Նարեկ Ավետիսյան-Իմ արվեստում թեմա չկա որպես այդպիսին, որ մարդը դիտի ու ինչ-որ պատմություն տեսնի։ Պատերազմի ժամանակ շատ էի աշխատում, չգիտեմ` ինչու, երևի դա էլ իմ արտահայտվելու ձևերից մեկն է։ Ձեր ասածի պես, մի բան փոխվում է մեջդ, երևի ավելի դրամատիկ, ավելի լարված։ Դա արդեն վիզուալ խնդիր է, երբ տեսնեն, ամեն մարդ յուրովի կընկալի։
Panorama.am-«Բազմաշխարհ» ցուցահանդեսի այցելուն ձեզ կբացահայտի՞ նորովի։
Նարեկ Ավետիսյան-Այո, շատերը չեն տեսել այդ շրջանները կամ հատվածաբար։ Ես ցուցադրում եմ 31 տարվա ուղու աշխատանքներ, շատերի համար նորություն են։
Panorama.am-Առաջիկայում ձեր տաղանդավոր հայրիկի՝ Մինաս Ավետիսյանին նվիրված ցուցադրություններ, միջոցառումներ նախատեսվա՞ծ են։
Նարեկ Ավետիսյան-Մոտակա ժամանակներում՝ ոչ։ 2028 թվականին լրանալու է հայրիկիս 100-ամյակը։ Մեր ընտանիքը բավական լուրջ ծրագրեր ունի և տպագրության հետ կապված, և ցուցահանդեսի։ Նման դասականների ցուցահանդեսները մի քանի տարի շուտ են սկսում ծրագրել։
Panorama.am- Շնորհակալ եմ հարցերին պատասխանելու համար։
Լուսանկարները, գլխավոր նկարը՝ Նարեկ Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան