«Ժողովուրդ». Երևանյան մետրոպոլիտենում որևէ նոր կայարան չի բացվել. Փաշինյանը նորից խաբել է
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության երեկվա՝ հոկտեմբերի 27-ի նիստի ժամանակ հայտնեց, թե գործադիրը մետրոյի նոր՝ «Աջափնյակ» կայարանը կառուցելու գործընթացի համար մրցույթ է հայտարարել։ «Նախագծման աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են, առաջին փուլն ավարտում ենք ու, ըստ նախատեսվածի, 2023 թվականի վերջում կունենանք պատրաստի նախագիծ և հնարավորություն կունենանք շինարարության մրցույթ հայտարարելու», – ասաց Փաշինյանն ու վստահեցրեց՝ արդեն 2024-ին հնարավոր կլինի սկսել մետրոյի նոր կայարանի շինարարական աշխատանքները։
Փաշինյանի իշխանությունը, որ պատեհ ու անպատեհ առիթներով հաճախ է մետրոյի նոր կայարան կառուցելու մասին խոսում, այդպես էլ ժամկետ չի հայտնում, թե նոր կայարանն ի վերջո երբ պատրաստ կլինի։
«Ժողովուրդ» օրաթերթը մի քանի տարի հետ է գնացել ու վերհիշել՝ ինչպես էր 2017-ին դեռ այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր, Երևանի ընտրություններին մասնակցող «Ելք» դաշինիքի քաղաքապետի թեկնածու Փաշինյանը Facebook-յան ուղիղ եթեր մտնում մետրոպոլիտենի՝ «Աջափնյակ» կիսակառույց կայարանի մոտից ու հայտարարում. «Եթե ձեր քվեն տաք «Ելք» դաշինքին, ապա մենք խոստանում ենք, որ մինչև 2022 թվականը Երևան քաղաքում մետրոյի առնվազն մեկ կայարան կավելանա։ Ինչպես հասկանում ենք, ամենաիրատեսականն այս պահին «Աջափնյակ» կայարանն է»։
Վերոնշյալ խոստումը նա 2017-ի մայիսի 5-ին է տվել, բայց խոստումը՝ խոստում, իսկ փաստն այն է, որ դրանից ավելի քան 5 տարի անց ոչ միայն քաղաքային, այլ նաև ամբողջ երկրի իշխանությունն է իր ու իր քաղաքական թիմի ձեռքում, սակայն երևանյան մետրոպոլիտենում որևէ նոր կայարան չի բացվել։ Փաշինյանը նորի՛ց է խաբել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա