Չարենցի սիմվոլիզմը՝ նաև ֆրանսերեն
Եղիշե Չարենցի ծննդյան 125 և մահվան 85-ամյակներին առիթով այսօր հայ, ինչպես նաև ֆրանկոֆոն ընթերցողներին հանձնվեց Եղիշե Չարենցի «Ծիածանը» և…» երկլեզու գիրքը։
Գիրքը վերնագրված է «Ծիածանը» և…», քանի որ այնտեղ զետեղված են Եղիշե Չարենցի «Ծիածանը» շարքը, ինչպես նաև բանաստեղծություններ «Ողջակիզվող կրակ», «Ութնյակներ արևին», «Զանազան բանաստեղծություններ» շարքերից, ընդհանուր` թվով 74 ստեղծագործություն (հայերեն և ֆրանսերեն լեզուներով):
Թարգմանիչն է Արամ Բարլեզիզյանը, ում հիշատակին նվիրված՝ ցուցադրվեց նաև «Ծիածանը» և…» գրքի թարգմանության ընթացքում նրա ձեռագրով արված նշումների թուղթը, որը պահվել է Ե.Չարենցի տուն-թանգարանում։
Գիրքը հրատարակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ: Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ հենց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը, ներկա են գրականագետներ, չարենցագետներ, Չարենցի տուն-թանգարանի բարեկամները, թարգմանիչ Արամ Բարլեզիզյանի ընտանիք անդամները, գործընկերները։
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլեն ասաց, որ իրենց համար շատ կարևոր է հնարավորություն տալ ֆրանկոֆոն հանրությանն ավելի լավ ճանաչել Չարենցին ու Չարենցի բանաստեղծությունները։
«Ուրախ ենք, որ աջակցել ենք Չարենցի անվան թանգարանին թարգմանել և խմբագրել այս գիրքը։ Չարենցի կյանքը կարճ է եղել, բայց որպես գրող, որպես մշակութային մարդ նա Հայաստանի, բոլոր հայերի համար շատ կարևոր, տաղանդավոր գրող է»,- նշեց նա։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանն ասաց, որ դեռևս 2021 թվականին՝ Չարենցի հոբելյանական տարվան ընդառաջ, հանձնաժողովի կողմից առանցքային նշանակություն տրվեց հենց թարգմանական ծրագրերի իրականացմանը։
«Ընդհանրապես, Չարենցն և իր ստեղծագործությունը 20-րդ դարի հայ գրականության ներկապնակի ամենախիտ և հիմնային գույներից է և նմանօրինակ նախաձեռնությունները շատ կարևոր են հայ գրական ժառանգությունն աշխարհին ներկայացնելու, Հայաստանի մասին ճանաչելիությունը բարձրացնելու տեսանկյունից»,- նշեց Ա. Մարաբյանը։
Նրա խոսքով, ավելի քան 30 լեզուներով թարգմանված չարենցյան ստեղծագործությունները նորովի բացահայտման բազմաթիվ շերտեր ունեն և, վստահ են, այս գիրքն իր առանձնահատուկ տեղը կգտնի ընթերցասեր հասարակության, հատկապես ֆրանկոֆոն մշակույթի դաշտում։
Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանի խոսքով, Եղիշե Չարենցի ստեղծագործությունները հանրայնացնելու, տարածելու, թանգարանի՝ ոչ տեղացի այցելուներին առաջարկելու համար շատ լավ հնարավորություն է։
Եղիշե Չարենցի տուն-թանգարանի ավագ գիտաշխատող Գոհար Չարենցի խոսքով, պատահական չէ, որ հենց այս ժողովածուն ընտրեցին ֆրանսիացի ընթերցողի համար, կարծես նրանց սա ավելի մոտ էր՝ իրենց հույզերով, կապույտը որպես երազ, սեր, ոսկին իրականությունը և երբ որ խամրում է սերը, գալիս էր մի մշուշ, ինչպես Չարենցն էր ասում՝ խամրող մշուշ մանուշակագույն։
Եղիշե Չարենցի տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ Անուշ Թասալյանն ասաց, անցած տարի, երբ խոսք եղավ Չարենցի ստեղծագործությունները ֆրանսերեն թարգմանելու մասին, անմիջապես անդրադարձել են բանաստեղծի սիմվոլիստական ստեղծագործություններին։
«Եթե սիմվոլիզմ, ապա ֆրանսերեն։ Գրքում հավաքվեցին Չարենցի սիմվոլիստական շրջանի ստեղծագործություններից մի փոքր փունջ։ Առանց երկմտելու անմիջապես անդրադարձանք «Ծիածանը» շարքին։ Եվս մի քանի այլ ստեղծագործություններ ծաղկաքաղ արեցինք այլ շարքերից»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է գրքի կազմին, Անուշ Թասալյանի խոսքով, քանի որ գրքում ներառված ստեղծագործությունները սիմվոլիստական են, շապիկին էլ նման լուծում են տվել. «Չարենցի տուն-թանագարանի հիմնական ֆոնդում պահպանվում է Կառլեն Հովսեփյանի 1987 թվականին արած այս աշխատանքը։ Սիմվոլիզմ է ամբողջությամբ՝ Չարենցնն է, մյուս կողմից կինը, անուն չկա, ընդհանուր սիրած կինն ու սիմվոլիստական գույն»։
Ասուլիս-շնորհանդեսի վերջում ելույթ ունեցավ Կոմիտասի անվան լարային քառյակը, տեղի ունեցավ Եղիշե Չարենցի «Ծիածանը» և…» գրքի «կոնյակաձոն» և մակագրություններ գրքի՝ թանգարանի օրինակի վրա։