Խստորեն վերահսկում են ղազախական ուրանի տարանցումը Վրաստանի տարածքով
Վրաստանի տարածքով ղազախական ուրանի արտահանումը ենթարկվում է խիստ վերահսկողության, իսկ ռադիոակտիվ բեռները սահմանին անցնում են բոլոր համապատասխան ընթացակարգերը։ Jnews-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Վրաստանի ֆինանսների նախարարությանն առընթեր Եկամուտների ծառայության հաղորդագրության մեջ՝ ի պատասխան ԶԼՄ-ների՝ երկիր «Կազատոմպրոմի» արտադրանքի ներմուծման մասին հաղորդումների։
Գերատեսչությունն ընդգծում է, որ վերջին տարիներին Ղազախստանի ուրանի ներմուծման և արտահանման ազգային օպերատորը բազմիցս իր ապրանքները տարանցմամբ փոխադրել է Վրաստանի տարածքով։ Վերջին անգամ դա տեղի է ունեցել սեպտեմբերի 6-ին, երբ վրաց-ադրբեջանական սահմանի «Գարդաբանի» անցակետ են ժամանել բնական ուրանի խտանյութով (787 տոննա ընդհանուր քաշով) երկաթուղային վագոններ, որոնք հետևել են Ղազախստանից Կանադա տարանցիկ ուղուն։
«Օրենքով սահմանված կարգով, նշված բեռն անցել է տարանցիկ ընթացակարգեր և տեղադրվել մաքսային պահեստներից մեկում՝ հետագա տրանսպորտավորման նպատակով», – ասվում է գերատեսչությունից։
Ըստ «Կազատոմպրոմ»-ի՝ բեռը գտնվում է Փոթիի նավահանգստում։ Ընկերության հայտարարության մեջ, որը հրապարակվել է «Trend»-ի կողմից, ասվում է, որ ուրանի առաքումը «սպասում է լրացուցիչ նյութի ժամանմանը, որը պետք է կոնսոլիդացվի և բեռնվի նավի վրա՝ հետագա փոխադրման համար դեպի վերջնական նպատակակետ»:
Միևնույն ժամանակ, օպերատորը վստահեցրել է, որ անկախ նրանից՝ ուրանը մատակարարում է «Կազատոմպրոմը», թե իր համատեղ ձեռնարկության գործընկերները, նա չի փոխում իր ծագումը, քանի դեռ չի հասել արևմտյան փոխակերպման ձեռնարկություններին։
Վախենալով, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ ընդլայնումը կազդի արտահանման վրա՝ Ղազախստանը ցանկություն է հայտնել մեծացնել ուրանի մատակարարումն Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղով (TITR), որի մաս է կազմում նաև Վրաստանը։
Այս պահին «Կազատոմպրոմը» թույլտվություն ունի Ղազախստանի իր հանքերից «TITR»-ով մինչև 3,5 հազար տոննա ուրանի տարանցման համար։ Սահմանված չափը բարձրացնելու համար ընկերությանը տարանցիկ երկրների թույլտվությունն է անհրաժեշտ։