Աննա Վարդապետյան. Զինվորական հանցագործություններն ու ոչ մարտական պայմաններում գրանցված մահերի քննությունը՝ ուշադրության կենտրոնում
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը խորհրդակցություն է անցկացրել Կապան համայնքում գտնվող՝ Սյունիքի մարզի դատախազությունում, որին մասնակցել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, մարզի իրավապահ կառույցների ղեկավարները, մարզի դատախազն ու դատախազության դատախազները, ինչպես նաև Գորիսի կայազորի զինվորական դատախազը:
Գ․խավոր դատախազությունից հայտնում են՝ Ա. Վարդապետյանը նշել է, որ մարզային առաջին այցով Սյունիքում լինելը պատահական չէ:
«Երկրի պաշտպանության կարևոր սահմաններից մեկն այստեղ է. այստեղից է սկսվում նաև քրեական քաղաքականության առաջնագիծը»,- նշել է գլխավոր դատախազը:
Աննա Վարդապետյանի խոսքով՝ մարզի Դատախազությունն այն առաջնային օղակն է, որի հետ առնչվում է քաղաքացին:
Նա շեշտել է, որ իր ուղիղ ուշադրության կենտրոնում են լինելու նաև մինչդատական վարույթում ութ ամսից ավելի քննվող քրեական վարույթները և հանձնարարել է սահմանել ու Գլխավոր դատախազություն ներկայացնել այդ վարույթների քննության ժամանակացույցը:
«Ինձ հետաքրքիր չեն գործերի թվերը, ինձ հետաքրքիր է գործերի որակը»,- նշել է գլխավոր դատախազն ու այս համատեքստում կարևորել նաև զինվորական քրեական վարույթների քննության արդյունավետության բարձրացումը՝ շեշտելով, որ իր անմիջական ուշադրության կենտրոնում են զինվորական հանցագործություններն ու ոչ մարտական պայմաններում գրանցված մահերի քննությունները։