Ժաննա Անդրեասյան. Հրաժարվում ենք բազմահամակազմ դասարաններում դասեր անելու մոտեցումից
Հանրակրթության նոր չափորոշչի առաջնային խնդիրներից մեկը սոցիալապես ավելի արդար կրթական համակարգ ունենալն է։ Ասել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ ելույթ ունենալով «Սոցիալական արդարությունը դպրոցում. հավասարություն և հնարավորություն բոլորի համար» խորագիրը կրող ուսուցչական համաժողովի ընթացքում։
ԿԳՄՍ նախարարի տեղակալը, որպես օրինակ, անդրադարձել է նաև բազմահամակազմ դասարաններին։
Ժաննա Անդրեասյանը մտահոգիչ է համարել այն փաստը, որ փոքրաթիվ երեխաներ ունեցող բնակավայրերում աշակերտները տարիներ շարունակ ստիպված են եղել իրենց կրթությունն իրացնել այլ դասարանների երեխաների հետ, որի հետևանքով ուսուցիչը նրանցից յուրաքանչյուրին կարողանում է հատկացնել շատ ավելի քիչ ժամանակ, քան դա հնարավոր է անել մյուս դպրոցներում։
«Սա իր հերթին անհավասարության մեկ այլ՝ շատ վատ ցուցիչ է և բացասական ազդեցություն է ունենում կրթության որակի վրա։ Մենք հրաժարվում ենք բազմահամակազմ դասարաններում դասեր անելու մոտեցումից՝ պնդելով, որ մեր երկրի բոլոր երեխաների համար պետք է ունենանք կրթության նույն հնարավորությունները։ Օրինակները շատ են։ Կան խնդիրներ, որոնք շատ տեսանելի են բոլորիս համար, բայց կան իրավիճակներ, որոնց մենք հարմարվում ենք` դադարելով դրանք նկատել և մտածում ենք՝ այդպես էլ պետք է լիներ։ Կարծում եմ՝ անարդար իրավիճակի ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց այն է, երբ խնդիրները դառնում են անտեսանելի»,-ասել է նա։
Նախարարի տեղակալն ընդգծել է` ԿԳՄՍ նախարարությունը քաջ գիտակցում է իր դերը և քաղաքականության մշակման ուղղությամբ պետության անելիքը․ «Կարծում եմ՝ որևէ մեկս իրականությունը թաքցնելու կարիք չունի։ Պետք է պարզապես գործընկերային սկզբունքով միասին լուծենք խնդիրները, որոնք շատ են»։
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ուսուցիչների գործունեության մեջ անարդարությունը գնահատման համակարգի միջոցով է դրսևորվում։
«Տեսնում ենք, թե ինչպես գնահատման համակարգը նույնպես կարող է դառնալ անարդար իրավիճակների ձևավորման շատ ուղիղ հիմք և գործոն։ Այս բոլոր ուղղություններով ունենք բազում անելիքներ։ Անշուշտ, շատ կարևոր է, որ սոցիալապես արդար քաղաքականությունն ուղղված լինի նաև ուսուցիչներին։ Այս առումով այժմ մշակում ենք շատ կարևոր փաստաթուղթ՝ հենվելով հենց ուսուցչական կազմակերպությունների և նրանց հետ աշխատանքի վրա։ Խոսքը բարեվարքության կանոնների մասին է։ Կարծում եմ՝ այս փաստաթղթի կարիքը բոլորս տեսնում ենք, բայց այն պետք է մշակենք ուսուցիչների հետ միասին։ Ուրախ կլինեմ, եթե կարողանանք համատեղ աշխատել, որպեսզի այս առումով ևս առաջընթաց ունենանք»,- խոսքն ամփոփել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին