«Յունիսեֆ». 559 միլիոն երեխա այսօր ենթարկվում է բարձր հաճախականությամբ ջերմային ալիքների ազդեցությանը
Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր հետազոտության, 559 միլիոն երեխա ներկայումս ենթարկվում է բարձր հաճախականությամբ ջերմային ալիքների ազդեցությանը: Ավելին, 624 միլիոն երեխա ապրում է բարձր ջերմային ալիքների երեք այլ առանձնահատկություններ ունեցող գոտիներում՝ բարձր ջերմային ալիքների տևողության, բարձր ջերմային ալիքների ուժգնության կամ ծայրահեղ բարձր ջերմաստիճանի ազդեցության:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի երևանյան գրասենյակի փոխանցմամբ, տարվա ընթացքում ջերմային ալիքները թե՛ հարավային, թե՛ հյուսիսային կիսագնդերում ռեկորդներ գրանցեցին: Այս առիթով Ամենացուրտ տարին երեխաների ողջ կյանքի համար․ պաշտպանելով երեխաներին ջերմային ալիքների աճող ազդեցություններից զեկույցն ընդգծում է երեխաների վրա ջերմային ալիքների ազդեցության արդեն իսկ հսկայական մակարդակը: Գլոբալ տաքացման նույնիսկ ցածր մակարդակներում ընդամենը երեք տասնամյակ անց աշխարհում ամենուրեք ավելի հաճախակի տեղի ունենալիք ջերմային ալիքներն անխուսափելի են դարձել երեխաների կյանքում:
Ըստ զեկույցի, ակնկալվում է, որ մինչև 2050 թվականը աշխարհի բոլոր՝ 2,02 միլիարդ երեխաները, կենթարկվեն բարձր ջերմային հաճախականությամբ ալիքների ազդեցությանը՝ անկախ այն բանից, թե աշխարհը առաջ կշարժվի «ջերմոցային գազերի ցածր արտանետումների սցենարով», այն է՝ 2050 թվականին մոտավորապես 1,7 աստիճան տաքացումով, թե « ջերմոցային գազերի շատ բարձր արտանետումների սցենարով», որը ենթադրում է՝ 2050 թվականին 2,4 աստիճան տաքացում:
Այս բացահայտումները ընդգծում են այն ծառայությունների հարմարեցման հրատապ անհրաժեշտությունը, որոնց երեխաները ապավինում են գլոբալ տաքացման անխուսափելի ազդեցությունների ի հայտ գալուն զուգահեռ: Ուսումնասիրությունը հիմք է հանդիսանում մեղմացմանն ուղղված շարունակական գործողությունների համար՝ կանխելու այլ բարձր ջերմային երևույթների վատթարագույն ազդեցությունը, այդ թվում՝ ավելի երկար և ավելի տաք ջերմային ալիքների և ծայրահեղ բարձր ջերմաստիճանների:
«Օդի ջերմաստիճանը բարձրանում է, զուգահեռաբար աճում է նաև երեխաների վրա դրա ազդեցությունը», - նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասըլը: «Արդեն իսկ 3 երեխայից 1-ն ապրում է ծայրահեղ բարձր ջերմաստիճան ունեցող երկրներում, և գրեթե յուրաքանչյուր 4-րդ երեխան ենթարկվում է ջերմային բարձր հաճախականությամբ ալիքների ազդեցության, իսկ իրավիճակը գնալով վատթարանում է: Առաջիկա երեսուն տարիների ընթացքում ավելի շատ երեխաներ կենթարկվեն ավելի երկար, ավելի ուժգին և հաճախակի կրկնվող ջերմային ալիքների ազդեցություն, ինչը կվտանգի նրանց առողջությունն ու բարեկեցությունը: Թե որքան կործանարար կլինեն այս փոփոխությունները, կախված է մեր՝ հիմա՛ ձեռնարկվող գործողություններից: Ամենափոքր քայլը, որ կարելի է անել, այն է, որ կառավարությունները պետք է շտապ սահմանափակեն գլոբալ տաքացումը մինչև 1,5 աստիճան Ցելսիուս և կրկնապատկեն հարմարվողականությանն ուղղված ֆինանսավորումը մինչև 2025 թվականը: Սա երեխաների կյանքն ու ապագան, ինչպես նաև մոլորակի ապագան փրկելու միա՛կ տարբերակն է»:
Ջերմային ալիքները հատկապես վնասակար են երեխաների համար, քանի որ, մեծահասակների համեմատ, նրանց մոտ մարմնի ջերմակարգավորումն ավելի դժվար է ընթանում: Որքան շատ են երեխաները ենթարկվում շոգի ազդեցությանն, այնքան մեծ է նրանց մոտ առողջական խնդիրների հավանականությունը, այդ թվում՝ շնչառական քրոնիկ հիվանդությունների, ասթմայի և սրտանոթային հիվանդությունների: Շոգից մահացության վտանգը հատկապես մեծ է նորածինների ու փոքր երեխաների մոտ: Ջերմային ալիքները կարող են ազդել նաև երեխաների կեցության, նրանց անվտանգության, սնուցման և ջրի հասանելիության, ինչպես նաև նրանց կրթության և ապագա ապրուստի վրա:
Բացահայտվել է, որ բարձր ջերմային ֆոնն այժմ ազդում է 538 մլն երեխայի կամ աշխարհի երեխաների 23 տոկոսի վրա: Եթե ջերմաստիճանն աճի 1,7 աստիճանով, ապա 1,6 մլրդ երեխա կտուժի, իսկ 2.4 աստիճանով բարձրանալու դեպքում՝ կտուժի 1,9 մլրդ երեխա: Այս պատկերն ընդգծում է գլոբալ տաքացումը զսպելու և կյանքեր պաշտպանելու համար արտանետումների նվազեցման և հարմարվողականության հրատապ և կտրուկ միջոցառումների կարևորությունը:
Լրացուցիչ միլիոնավոր երեխաներ կենթարկվեն բարձր ջերմային ալիքների և ծայրահեղ բարձր ջերմաստիճանի ազդեցության՝ կախված այն հանգամանքից, թե գլոբալ տաքացման ինչ ջերմաստիճան կգրանցվի: Հյուսիսային շրջանների երեխաները, հատկապես Եվրոպայում բնակվողները, կենթարկվեն ծայրահեղ բարձր ջերմային ալիքների ազդեցության, իսկ մինչև 2050 թվականը Աֆրիկայում և Ասիայում երեխաների գրեթե կեսը կլինի ծայրահեղ բարձր ջերմաստիճանի մշտական ազդեցության տակ:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում կառավարություններին՝
. Հարմարեցնել սոցիալական ծառայությունները՝ պաշտպանելու երեխաներին կլիմայական փոփոխությունների կործանիչ ազդեցություններից: Ամեն մի երկիր պետք է հարմարեցնի կարևոր սոցիալական ծառայությունները (ջուր, սանիտարական պայմաններ և հիգիենա, առողջապահություն, կրթություն, սնուցում, սոցիալական պաշտպանություն և երեխաների պաշտպանություն) ճգնաժամային իրավիճակներին: Օրինակ՝ պարենային համակարգը պետք է ամրապնդվի՝ դիմակայելու վտանգներին և ապահովելու առողջ սննդի շարունակական հասանելիությունը: Պետք է մեծացնել ներդրումները երեխաների, մայրերի և առավել խոցելի բնակչության շրջանում ծանր թերսնման վաղ կանխարգելման, հայտնաբերման և հաղթահարման գործում:
. Նախապատրաստել երեխաներին ապրելու փոփոխված կլիմայի պայմաններում: Յուրաքանչյուր երկիր պետք է կրթի երեխաներին և երիտասարդներին կլիմայի փոփոխության, աղետների ռիսկի նվազեցման, «կանաչ» ապրելակերպի վերաբերյալ և հնարավորություն տա նրանց բովանդակալից մասնակցելու և ազդելու կլիմայի քաղաքականության մշակմանը:
. Առաջնահերթություն տալ երեխաներին և երիտասարդներին կլիմայի ֆինանսավորման և ռեսուրսների հարցում: Զարգացած երկրները պետք է կատարեն իրենց COP26 համաձայնագրի դրույթները, այն է՝ կրկնապատկել հարմարվողականության ֆինանսավորումը՝ մինչև 2025 թվականն այն հասցնելով նվազագույնը 40 միլիարդ դոլարի՝ որպես համապատասխան քայլ ուղղված մինչև 2030 թվականը հարմարվողականության համար տարեկան առնվազն 300 միլիարդ դոլար տրամադրելուն: Հարմարվողականության ֆինանսավորումը պետք է կազմի կլիմային ուղղված ամբողջ ֆինանսավորման կեսը:
. Կանխարգելել կլիմայական աղետը՝ կտրուկ նվազեցնելով ջերմոցային գազերի արտանետումները և պահպանելով Ցելսիուսի սանդղակով 1,5 աստիճան բարձրացման սահմանափակման պարտավորությունը: Կանխատեսվում է, որ այս տասնամյակում արտանետումները կավելանան 14%-ով, ինչը մեզ կդնի աղետալի գլոբալ տաքացման ճանապարհին: Բոլոր պետությունները պետք է վերանայեն իրենց ազգային կլիմայական ծրագրերն ու քաղաքականությունը՝ սահմանելով ավելի մեծ հավակնություններ ու ավելի շատ գործողություններ: Նրանք պետք է նվազագույնը 45%-ով կրճատեն արտանետումները մինչև 2030 թվականը, որպեսզի հնարավոր լինի պահպանել գլոբալ տաքացումը ըստ Ցելսիուսի մինչև 1,5 աստիճան սահմանափակման պարտավորությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան