Շագանակագեղձի ՄՌՏ-ի վերաբերյալ հարցերին արձագանքում է մասնագետը
Շագանակագեղձի ՄՌՏ-ն շագանակագեղձի պաթոլոգիաների ախտորոշման ոչ ինվազիվ մեթոդ է:
«Հերացի» համալսարանական հիվանդանոցի Ռադիոլոգիայի կենտրոնի միջուկամագնիսառեզոնանսային հետազոտության բժիշկ, ԵՊԲՀ ճառագայթային ախտորոշման ամբիոնի դասախոս Մարինե Ալոյանի խոսքով` այն ապահովում է օրգանի և շրջակա հյուսվածքների մանրամասն պատկերը: Սկանավորումը թույլ է տալիս բացահայտել պաթոլոգիական փոփոխությունները զարգացման վաղ փուլերում:
Շագանակագեղձի ՄՌՏ-ն ժամանակատար գործընթաց է ինչպես բուժանձնակազմի համար, այնպես էլ տեխնիկական տեսանկյունից․ տևում է 40 րոպեից ոչ քիչ:
Շագանակագեղձի ՄՌՏ-ի նպատակը
Եթե ուլտրաձայնային հետազոտության արդյունքները հայտնաբերել են շագանակագեղձի օջախային փոփոխություններ և առկա է նորմայից բարձր PSA (Պրոստատ սպեցիֆիկ անտիգեն- Prostate-specific antigen total, PSA total), բժիշկը խորհուրդ է տալիս կատարել ՄՌՏ՝ ախտորոշումը պարզելու համար:
Ուսումնասիրությունը թույլ է տալիս բարձր ճշգրտությամբ որոշել պաթոլոգիական փոփոխությունների բնույթը, տեղայնացումը, չարորակ ուռուցքների դասակարգումը PI-RADS սանդղակով և գոյացության չափերը, ինչը շատ կարևոր է բիոպսիան (կենսազննումն) և վիրահատությունը պլանավորելու համար:
Որո՞նք են շագանակագեղձի ՄՌՏ-ի հնարավորություններն ու սահմանափակումները
Տոմոգրաֆիան նշանակվում է ախտորոշման նպատակով, ինչպես նաև վիրաբուժական միջամտությունների նախապատրաստման համար՝ վիրահատության ծավալը մանրամասնելու և պաթոլոգիական պրոցեսի տարածվածությունը պարզելու, ինչպես նաև հիվանդությունների զարգացումն ու բուժման արդյունավետությունը դինամիկ վերահսկելու համար:
Ի՞նչ է ցույց տալիս ՄՌՏ հետազոտությունը
Շագանակագեղձի ՄՌՏ-ն կարող է բացահայտել շագանակագեղձի ադենոման, տվյալ օրգանի զարգացման գենետիկական թերությունները, թարախակույտը, հիպերպլազիան, նորագոյացությունը, պրոստատիտը, բորբոքային և վարակիչ գործընթացները։
Բժիշկն ընդգծում է ժամանակակից ախտորոշման շնորհիվ կարելի է շատ մանրամասն տեղեկատվություն ստանալ շագանակագեղձի, միզածորանի, միզապարկի, սերմնահեղուկի, ավշային հանգույցների և մկանների հյուսվածքների վիճակի մասին:
ՄՌՏ հետազոտությունը, ամենակարևորը, թույլ է տալիս հստակ վիզուալիզացնել չարորակ գոյացությունները, դրանց չափը:
Ուռուցքի առկայության դեպքում բժիշկն առավելագույն ճշգրտությամբ կկարողանա որոշել նորագոյացության գտնվելու վայրը և բնույթը, ինչն առավելապես կնպաստի պացիենտի արդյունավետ բուժումն իրականացնելուն: