Նիկոլ Փաշինյան. ՀԱՊԿ-ի ու Ռուսաստանի անվտանգային պարտավորությունների զանգը հնչել է
«Այո, Հայաստանի ու Ադրբեջանի միջև կա պետական սահման, և այդ սահմանը խախտված է»,-այսօր հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով ՔՊ համաժողովում։
Նա նշեց, որ ՀԱՊԿ-ն ու Ռուսաստանն ունեն անվտանգային պարտավորություններ, որոնց զանգն արդեն հնչել է։
«Ես ուզում եմ ասել, որ երեկ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստը եղել է դռնփակ, բայց մեր գործընկերների մի մասը հրապարակել են որոշ տեղեկություններ։ Ես էլ եմ ուզում հրապարակել որոշ տեղեկություններ։ Բոլորդ պետք է իմանաք, որ բոլոր հարցերը շատ պարզ ու թափանցիկ դրվել են մեր գործընկերների առջև, իրենք էլ իրենց նկատառումներն ունեն։ Ես շնորհակալություն եմ հայտնել Ռուսաստանի նախագահին, քանի որ շատ բաց ու ազնիվ քննարկում ստացվեց»,-ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով, հաճախ են իրեն հարցնում, թե ով է հրավիրել արևմտյան դիտորդներին Հայաստան։
«Ես ասում եմ՝ ես եմ հրավիրել։ Հրավիրել եմ մի պարզ ու մի բարդ պատճառով։ Ադրբեջանական ագրեսիային ՀԱՊԿ արձագանքը համարել եմ ոչ պատշաճ, և երկորրդը՝ արդեն երկար ժամանակ Ադրբեջանն արմտյան երկրներին ներկայացնում է , որ ՀՀ կառավարությունը ավելի ու ավելի շատ ռուսական զորքեր է բերում Հայաստան՝ դրանով սպառնալիք ստեղծելով Ադրբեջանի անվտանգությանը, ինքնիշխանությանը։ Եվրոպական երկրներն էլ մեզ ասում են՝ ինչի՞ եք ռուսական զորքեր բերում։ Ես էլ ասեցի՝ գիտե՞ք ինչ, եթե մեր փաստարկները համոզիչ չեն, դիտորդական առաքելություն ձևավորեք, եկեք, տեսեք՝ ի՞նչ է կատարվում»,-ասաց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։