Եթե բանակցել, ապա միայն մի հիմքով. Մետաքսե Հակոբյան
«Արցախի Հանրապետությունն այսօր առավել քան երբևէ կանգնած է գոյություն ունենալ, չունենալու խնդրի առաջ։ Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային վերջին զարգացումները նոր մարտահրավերներ են առաջ բերում Արցախի համար»,- ԱԺ արտահերթ նիստում ասաց «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Նա նշեց, որ ստեղծված իրավիճակում Ադրբեջանը շարունակում է ուժի սպառնալիքի կիրառումը, ագրեսիվ ու հակահայական հայտարարությունները՝ միաժամանակ դնելով, որ Արցախի հարց պարզապես չկա, ինչը բացարձակապես անընդունելի մոտեցում է, այն Արցախի Հանրապետության ուղիղ ոչնչացումն է, հայի նոր ցեղասպանությունն է։
«Բաքվի նման քաղաքականությունն արդյունք է մի կողմից Հայաստանից ակնկալվող հստակ հակազդեցության բացակայության, մյուս կողմից միջազգային հանրության լռության, բացառության որոշ դեպքերի։ Սրան գումարվում է այն անպատժելիության մթնոլորտը, որ ձևավորել է 2020 թ. Արցախի նկատմամբ պատերազմ սանձազերծելու, ահաբեկիչներ ներգրավելու, պատերազմական հանցագործությունների համար միջազգային պատշաճ արձագանք չստանալու արդյունքում։ Այսօր առավել քան մտահոգիչ է Արցախի ապագայի, արցախյան հիմնահարցի վերաբերյալ միջազգային հանրության, առաջին հերթին այսպես կոչված հավաքական Արևմուտքի դիրքորոշումը»,- ասաց Մ.Հակոբյանը։
Նրա խոսքով, վերջին զարգացումների, հանդիպումների արդյունքում այլևս միանշանակ է՝ Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու Արևմուտքի մոտեցումը։
«Նույն հավաքական Արևմուտքն արդեն, այսպես կոչված խաղաղության պայմանագիր է պատրաստել, որտեղ առ ոչինչ է միջազգային բոլոր նորմերին համապատասխան Արցախի ինքնորոշման իրավունքը։
Փաստացի, այդ տարբերակն Արցախի Հանրապետության ոչնչացումն է»,- նշեց պատգամավորը։
Նա ընդգծեց, որ մյուս կողմում ՌԴ-ն է։
«Այն, որ ռուս խաղաղապահի առաքելությունն անգնահատել է, տեսնում է մեզանից յուրաքաչյուրը։ Այն, որ միայն կոչեր հնչեցնելով, սաստելով՝ հնարավոր չէ մեզ բաժին հասած թշնամուն կանգնեցնել, դա ևս գիտակցում ենք։
Հետևաբար, Հայաստանի և Արցախի իրական դաշնակիցը ՌԴ-ն է, որն առաջարկում է հակամարտության կարգավորման իր տարբերակը, որն այս վիճակում կարող է հնարավորություններ ստեղծել Արցախի հարցի հետագա հայանպաստ լուծումներ ունենալու համար»,- ասաց Մ. Հակոբյանը։
Արցախի ԱԺ ընդդմադիր պատգամավորը շեշտեց, որ սխալվելու իրավունք չունեն, արկածախնդրությունը կկործանի թե Արցախը, թե Հայաստանը, թե մեր բոլորի երազանք հայրենիքը։
«Պարզ և հստակ ուղղենք մեր վեկտորը, իսկ այն միայն մեկ ուղղություն ունի, ուստի բանակցողներից և որոշում կայացնողներից պահանջում ենք մերժել և հրաժարվել վավերացնել ցանցած փաստաթուղթ, որտեղ կստորադասվի Արցախի ինքնորշման իրավունքը և փորձ կարվի Արցախը բռնակցել Ադրբեջանին։ Եթե բանակցել, ապա միայն մի հիմքով՝ Արցախը եղել է, կա ու լինելու է հայկական և ոչ մի պայմանով չի կարող լինել Ադրբեջանի կազմում»,- ասաց Մ. Հակոբյանը։
Նա վերահաստատեց նաև ամիսներ առաջ իր ասած միտքը. «Ով հավատում, մտածում կամ բարձրաձայնում է, որ Արցախն Ադրբեջանի կազմում ապագա ունի, նա պետական հանցագործ է»։
Հարակից հրապարակումներ`
- Մենք չենք համարում, որ խնդիրը լուծված է, քանի դեռ որոշված չէ Արցախի վերջնական կարգավիճակը. Գեղամ Ստեփանյան
- Արցախցիները Վերածննդի հրապարակում են՝ սեփական ճակատագիրը հայրենի հողում տնօրինելու վճռականությամբ
- Լիահույս ենք՝ հոկտեմբերի 31-ին եռակողմ հանդիպմանը չի ստորագրվի արցախյան հիմնախնդրի գոյությունն անտեսող փաստաթուղթ. Արցախի ԱԺ նախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը