Պահեստազորային զինծառայողի կողմից ծառայակցի սպանության և իրեն հրազենային վնասվածք պատճառելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ՝ պահեստազորային շարքային զինծառայողի կողմից ծառայակցի սպանության և իր առողջությանը վնաս պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում 2022թ․ հոկտեմբերի 29-ին, ըստ նախնական տվյալների, պահեստազորային զինծառայող շարքայինը վիճաբանել է համածառայակից պահեստային զինծառայող Միսակ Պետրոսյանի հետ, որի ընթացքում ինքնաձիգից կրակահերթ է արձակել և վերջինիս գլխի շրջանում պատճառել մահացու հրազենային վնասվածք, որից հետո կրակել է նաև իր ոտքին` պատճառելով հրազենային վիրավորում:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (Սպանությունը) 1-ին մասով և 528-րդ հոդվածի (Զինծառայողի կողմից իր առողջությանը վնաս պատճառելը) 1-ին մասով։
Կատարվում է նախաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: