Թբիլիսիում հայտնաբերված մասունքները վերաթաղվել են Խոջիվանքում
Հոկտեմբերի 30-ին, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում հավարտ կիրակնօրյա Սուրբ Պատարագի, տեղի է ունեցել հոգեհանգստյան կարգ: Այնուհետև Խոջիվանքի պանթեոնում վերաթաղվել են նախկին Վանքի մայր տաճարի տարածքում հայտնաբերված մասունքները: Այս մասին գրում է Jnews կայքը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ նախկին Վանքի մայր տաճարի և ներկայիս Թբիլիսիի թիվ 104 հայկական դպրոցի տարածքում հայտնաբերվել էին հայերեն գրություններով մարմարե տապանաքարեր։ Այդ տարածքում շինարարական աշխատանքներն անմիջապես դադարեցվել էին: Իսկ հոկտեմբերի 23-ին պեղումների ժամանակ հայտնաբերվել էր Տեր Հովհաննես Պողոսյանի և նրա կնոջ շիրիմները, որոնք ևս հանձնվել են հողին:
Հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանը Jnews-ի հետ զրույցում հայտնել է, որ հողին հանձնվել են ինչպես Տեր Հովհաննես Պողոսյանի և նրա կնոջ աճյունները, այնպես էլ 15 անհայտ մարդկանցից մնացած մասունքներ, որոնք գտնվել էին վերջին ամսվա պեղումների ժամանակ։
«Ինչպես թեմի առաջնորդը նշեց, շատ կարևոր էր այսօրվա խորհուրդը, որովհետև վերջ ի վերջո այդ մարդկանց ոսկորներն իրենց հանգիստը գտան Խոջիվանքի պանթեոնում, շատ ցավալի է այն ինչ տեղի է ունեցել 30-ական թվականներին: Ոչնչացվել են եկեղեցիներ, պղծվել գերեզմաններ և այսօր մենք մեր պարտքը կատարեցինք մեր նախնիների աճյուններից հանձնելով հողին»,- ասել է նա:
Լևոն Չիդիլյանն ասել է, որ ամեն օր պեղումների արդյունքում նոր մասունքներ են գտնվում, և Վրաստանի փոխվարչապետ Թեա Ծուլուկիանիի կարգադրությամբ՝ այն տարածքներում, որտեղ չկան շինություններ, կշարունակվեն պեղումները:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում