Վերաբացվել է Կորխի Սուրբ Ստեփանոս եկեղեցին
Ջավախքի Ախալքալաքի շրջանի Կորխ գյուղում տեղի է ունեցել Սուրբ Ստեփանոս եկեղեցու հանդիսավոր բացումը։ Jnews-ի հաղորդմամբ, օծման արարողակարգը կատարեկ է Հայաստանի Արմավիրի թեմի ղեկավար Գերաշնորհ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, մասնակցությամբ՝ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը, Սամցխե-Ջավախքի և Ծալկայի առաջնորդական փոխանորդ Տեր Նշան վրդ. Համայակյանը, ՀԱԵ Վրաստանի թեմի առաջնորդ Տեր Կիրակոս վրդ. Դավթյանը և այլոց:
Օծման արարողությունից հետո տեղի է ունեցել մատաղի հյուրասիրություն, որին հաջորդել է համերգ՝ տեղի «Ջավախք» համույթի և Հայաստանից հրավիրված երգիչների մասնակցությամբ։
Եկեղեցին վերականգնվել է Կորխ գյուղի 12 բարերարների դրամական միջոցներով։
«Մանկուց երազում էինք եկեղեցի ունենալ, որտեղ կկարողանայինք պատարագ մատուցել: Եվ հիմա, չնայած բազմաթիվ դժվարություններին, մենք կարողացանք վերականգնել մեր եկեղեցին։ Սա տոն է ոչ միայն մեր գյուղի, այլև ողջ Ջավախքի բնակիչների համար, որոնց համար մեր եկեղեցու դռները միշտ բաց են»,- ասել է բարերարներից Սերգեյ Ղանդիլյանը։
Սուրբ Ստեփանոս եկեղեցին, որը կառուցվել է 19-րդ դարի վերջին, մշակութային ժառանգություն է ճանաչվել 2017թ.-ին: Կարգավիճակը շնորհվել է Վրաստանի Մշակութային ժառանգության օբյեկտների պահպանության ազգային գործակալության տնօրեն Նիկոլոզ Անթիձեի հրամանով։ Երկար ժամանակ այն ավերված վիճակում էր գտնվում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները