Մենք բավականին լուրջ բողոքներ ենք ստանում թե՛ բիզնեսից, թե՛ հանրությունից. Հակոբ Արշակյան
«Մենք բավականին լուրջ բողոքներ ենք ստանում թե՛ բիզնեսից, թե՛ հանրությունից՝ կապված տրասֆերտները ստանալիս բանկային ոլորտի միջնորդավճարների հետ»,-ԱԺ-ում ՀՀ 2023 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանին դիմեց ԱԺ փոխծնախագահ Հակոբ Արշակյանը:
Նա հետաքրքրվեց, թե արդյո՞ք այն տնտեսությունից վերցված գումարներ չեն, որոնք պետք է ներդրվեին տնտեսության մեջ՝ շեշտելով, որ ընթացիկ տարում տրասֆերտները մեծ ծավալ են կազմել:
«Փաստացի մենք բախվում ենք մի իրավիճակի հետ, որ այս տարի փոխանցված տրասֆերտների մինչև 3 %-ը գանձել են բանկերը»,-հայտարարեց Արշակյանը:
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը պատասխանեց՝ ասելով. «Այդտեղ իրավիճակը մի քիչ այլ է, մենք ոչ թե դրամական փոխանցումներից բանկային համակարգում պահումների պրակտիկա ունենք, այլ ունենք կանխիկացման ժամանակ որոշակի սակագնային գներ, որն էլ ունի իր պատճառը: Այդ 3 % ժողովրդի մեջ տարածված գնահատականը, կամ ռեակցիան վերաբերում է կանխիկացման դեպքերին, այն ունի իր պատճառները: Որքան մենք լսել ենք Կենտրոնական բանկի և բանկային համակարգի պարզաբանութմները՝ մեզ այն թվացել է անհրաժեշտ և տրամաբանական, որովհետև հակառակ դեպքում Հայաստանի տնտեսությունը շատ փոքր է իր չափերով, որպեսզի փոխանցումների նման բարձր ֆոնին կարողանա անսահմանափակ կանխիկացում ապահովել»:
Նրա խոսքով՝ եթե այդ ծառայությունների համար վճարումները տեղի չունենան, Հայաստանն այլ խնդիրներ կունենա՝ որոնք իրենց հերթին անկայունություն կառաջացնեն ֆինանսական համկարգում:
«Հայաստանի բանկային համակարգը սպասարկում է ոչ միայն ռեզիդենտներին, այլև ոչ ռեզիդենտներին: Բանկային համակարգի ստացած շահույթի մոտ 90 %-ը վերաբերում է ոչ վարկային կամ ավանդային պրոդուկտներից եկած շահույթին, այլ հարակից ծառայություններին, որոնց սպառողների 90%-ը ոչ ռեզիդենտներ են»,-արձագանքեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը և պարզաբանեց. «Եթե մենք անում ենք կապիտալի լրիվ ազատված գործառնություններ, որոնք հիմա ունենք, և երկրներ կան, որտեղ կան սահմանափակումներ, ապա մենք կարող ենք բախվել մի իրավիճակի, որ Հայաստանի բանկային համակարգը կդառնա այդ երկրների տնտեսությունները սպասարկող կամ կցորդ, որը մեր համար չափազանց անցանկալի է»:
Նա նաև հայտնեց, որ ազգային արժույթով կանխիկացման դեպքում որևէ սակագին չի գործում, այլ օտարերկրյա արժույթների նկատմամբ է արվում, քանի որ ՀՀ բանկային համակարգն ունի դրանց հասանելիության խնդիր՝ ԱՄՆ-ը վարում է քաղաքականությունը որը սահմանափակում է դոլարի կանխիկ շրջանառությունն աշխարհում, ինչպես նաև գնալով թանկանում են նման ծառայությունները՝ ՀՀ բանկերին արտարժույթի փոխանցման տոկոսների ավելացման և բանկնոտների տրամադրամ պայմանների խստացման պատճառով, որը բանկերի համար ծախսատար է:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում