Operalia 2022 համաշխարհային մրցույթում հաղթել է Ջուլիանա Գրիգորյանը
Հոկտեմբերի 24-30-ը Ռիգայում՝ Լատվիայի Ազգային թատրոնում, կայացել է Պլասիդո Դոմինգոյի հիմնադրած Operalia 2022 համաշխարհային մրցույթը, որին մասնակցել են բազմաթիվ երիտասարդ երգիչներ աշխարհի տասնյակ երկրներից։
Հայաստանը ներկայացնող սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը նվաճել է առաջին մրցանակը, ստացել է նաև «Ռոլեքս» ընկերության կողմից տրվող Հանդիսատեսի մրցանակը՝ «Rolex Prize of the Audience։
Տղամարդկանց անվանակարգում առաջին մրցանակին արժանացել է ԱՄՆ ներկայացնող տենոր Էնթնի Լեոնը։
Մրցանակները հանձնել է իսպանացի օպերային հայտնի երգիչ Պլասիդո Դոմինգոն։
Ջուլիանա Գրիգորյանը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի մենակատար է: Նա ելույթ է ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ, Հայաստանի ազգային կամերային, օպերային թատրոնի նվագախմբերի հետ: Բազմաթիվ համերգներով հանդես է եկել Հայաստանի մարզերում և Արցախում:
Ջուլիանա Գրիգորյանը համագործակցել է կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Վաչե Շարաֆյանի հետ: