Քանի՞ դիրք ենք կորցրել սեպտեմբերին․ ԳՇ պետը պատասխանել է լրագրողների հարցերին
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը տեղեկացրեց, որ ներկա դրությամբ օպերատիվ իրադրությունը արևելյան, հարավ-արևելյան սահմանագոտում հարաբերականորեն կայուն է:
«Հիմնականում հրադադարի ռեժիմի խախտումներ արձանագրվում են արեւելյան օպերացիոն ուղղությամբ՝ Կուտական, Կախակնի, նաև Սոթքի ուղղություններով, նաեւ Վայոց ձորի մարզում Ջերմուկի ուղղությամբ: Փոխհրաձգությունները, հակառակորդի կողմից հրադադարի խախտումներ կան և նպատակային, և եղանակային անբարենպաստ պայմաններում, մառախուղի պատճառով, նաև նրանց կողմից ձորերում անկանոն կրակահերթերի արձակում:
Ինչ վերաբերում է նպատակային կրակոցներին, հակառակորդը փորձում է կանխարգելել մեր կողմից ինժեներական կահավորման աշխատանքների իրականացմանը, քանի որ մենք նախաձեռնել ենք մեծածավալ աշխատանքների իրականացում, ամրացնում ենք զբաղեցրած դիրքերը, շրջանները, բնագծերը, և դրանով նաև մենք ենք փորձում կանխարգելել հակառակորդի հետագա գործողությունները»,-ասաց նա:
Թե քանի դիրք ենք կորցրել սեպտեմբերին տեղի ունեցած ադրբեջանական ագրեսիայի հետևանքով, Էդվարդ Ասրյանը դժվարացավ թիվ նշել, միայն ասաց, որ դիրքային կորուստներ ունեցել են։
«Ներքին Հանդի, Ջերմուկի, Իշխանասարի, Կուտականի ուղղությամբ ունեցել ենք դիրքային կորուստներ։ Տարբեր նշանակության կառույցներ կան և տերմինաբանությամբ տարբեր են և հստակ չեմ կարող թիվ ասել՝ 50, թե 70-ը կորցրել ենք։ Չեմ կարող մեկնաբանել այն անձանց ասածը, որոնք ներկայացնում են հստակ թվեր, ի՞նչ են նկատի ունեցել»,- ասաց նա։
Անդրադառնալով հակառակոդի տարբեր խմբերին,որոնք ավելի վաղ արված հայտարարության համաձայն,գտնվում էին ՀՀ տարածքում, շրջափակման մեջ, ԳՇ պետը մանրամասնեց․
«Տարբեր ուղղություններով եղել են հակառակորդի մի շարք խմբեր: Մենք ունեցել ենք ոչ գծագրվող, անհամաչափ առաջնագիծ, որովհետև գործողության արդյունքում առաջանում են և հակառակորդի մխրճումներ որոշ ուղղություններում, և մեր ստորաբաժանումները, որոնք գտնվում են համապատասխան ուղղություններում հակառակորդի շփման գծից առաջ, և դիրքային համապատասխան փոխհրաձգությունների արդյունքում հակառակորդի մխրճված ստորաբաժանումները հետ են քաշվել, նաև կրել են կորուստներ։ Հակառակորդի ստորաբաժանումները, տալով համապատասխան կորուստներ, հետ են քաշվել»,- ասաց Ասրյանը:
Հարցին, թե ինչու հայկական կողմը չի գերեվարել և փոխանակել հայ գերիների հետ, Ասրյանը պատասխանեց.
«Հակառակորդին գերեվարելու համար պետք է նրան ընդհուպ մոտենալ։ Մեր զինծառայողների կյանքին վտանգ չպատճառելու համար մենք դրան չենք գնացել: Ներկա դրությամբ մենք Ջերմուկի ուղղությամբ ունենք գծագրված առաջնագիծ, որն ապահովում է Ջերմուկ քաղաքի անվտանգությունը:Սեպտեմբերի 16-ից հետո ես երկու անգամ այցելել եմ Ջերմուկի ուղղություն: Այնտեղ ամեն ինչ համակարգված է, և իրադրությունը հարաբերական կայուն է»:
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին