«Ավրորայի լուսաբացը» հորդոր է՝ չմոռանալու և մերժելու պատմության սարսափելի էջերը
«Ավրորայի լուսաբացը» անիմացիոն-վավերագրական ֆիլմը նոյեմբերի 3-17ը կցուցադրվի երևանյան կինոթատրոններում։ Այս մասին տեղեկացնում են Ազգային կինոկենտրոնից։
«Ֆիլմի հայաստանյան պրեմիերան տեղի է ունեցել դեռևս հուլիսին՝ Երևանյան «Ոսկե Ծիրանի» օրերին՝ մասնակցելով փառատոնի միջազգային մրցութային ծրագրում, որտեղ և արժանացել է «Արծաթե ծիրան» մրցանակին։ «Ավրորայի լուսաբաց» անիմացիոն-վավերագրությունը համատեղ արտադրություն է Հայաստան-Գերմանիա-Լիտվա։ Կինոնկարը ֆինանսական աջակցություն է ստացել Հայաստանի ազգային կինոկենտրոնից և եվրոպական ամենախոշոր կինոֆոնդից՝ ԵՎՐԻՄԱԺ-ից (Հայաստանը որպես մեծամասնական համարտադրող)։
«Ավրորայի լուսաբացը» անիմացիոն-վավերագրությունը՝ Հայկական ազգային կինոակադեմիան ընտրել է «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում ներկայացնելու համար։
«Ավրորայի լուսաբացը» ֆիլմը նոմինացվել է Asia Pasific Screen Award (Ասիա-Խաղաղoվկիանոսյան Էկրանավորման մրցանակ) մրցանակաբաշխության լավագույն անիմացիոն ֆիլմ անվանակարգում։ Այդ անվնակարգում մրցելու են 5 ֆիլմեր։ Մրցանակաբաշխության արդյունքները հայտնի կդառնան նոյեմբերի 9-11-ը`Ավստալիայի Բրիսբան քաղաքում։ Այս չափազանց բարձրակարգ կինոստուգատեսը՝ Ասիա-Խաղաղoվկիանոսյան տարածաշրջանում «Օսկար»-ին համարժեք մրցանակաբաշխություն է, որտեղ ընտրվում և մրցանակի են արժանանում լավագույն ֆիլմերը։
Կինոնկարն ընդգրկվել է (նոյեմբերի 18) «Tallinn Black Nights» կինոփառատոնի «Baltic» մրցութային ծրագրում, ինչպես նաև Ամստերդամի հայտնի վավերագրական փառատոնի (IDFA)՝ Best of Fests ծրագրում։ Իսկ ֆիլմի համարտադրող երկրում՝ Լիտվայում, պրեմիերան կկայանա «Scanorama» փառատոնի օրերին՝ նոյեմբերի 19-ին։
Հոկտեմբերի 23-ին տեղի ունեցավ ֆիլմի ամերիկյան պրեմիերան («ANIMATION IS FILM» փառատոնի մրցութային ծրագրում)՝ Հոլիվուդյան պատմական Չինական թատրոնում՝ արժանանալով «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին։ Դեռևս հոկտեմբերի սկզբին ֆիլմն ընդգրկված է եղել նաև FilmFest Hamburg կինոփառատոնի «Կալեյդասկոպ» մրցութային ծրագրում և DocLisboa փառատոնի «Երկրից լուսին» ծրագրում։
«Ավրորայի լուսաբացը » ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել անիմացիայի աշխարհի ամենամեծ փառատոնի ԱՆՍԻ-ի մրցութային ծրագրում։ Սա աշխարհի ամենամեծ անիմացիոն փառատոնն է, որը ոչ պաշտոնապես համարվում է անիմացիայի Կաննը։
«Ավրորայի լուսաբացի» համշխարհային պրեմիերայից և միջազգային ցուցադրություններից հետո արտասահմանյան մամուլն ու փառատոնային կայքերը շարունակում են հանդես գալ ֆիլմի մասին հրապարկումներով՝ անդրադառնալով 100 տարի առաջ թուրքական պետության իրականացրած ցեղասպանությանը, որի արդյունքում՝ իր բնօրրանում, ոչնչացվեցին 1,5 միլիոն հայեր։
Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը․
Հայոց ցեղասպանության մասին պատմող «Ավրորայի լուսաբացը» ֆիլմը ներավռել է 2022 թվականի «Animation Is Film» «5 պարտադիր դիտման ֆիլմերի» ցանկում։ «Aurora's Sunrise»-ը հիբրիդային վավերագրական ֆիլմ է, որը ներկայացնում է Ավրորա Մարդիգանյանի կյանքը անիմացիայի միջոցով»,-գրում է LA Times-ը ։
Աղբյուրի փոխանցմամբ, 1901 թվականի հունվարի 12-ին Արևմտյան Հայաստանում ծնված Ավրորա Մարդիգանյանի պատմությունը դարձավ Մերձավոր Արևելքի օգնության ֆոնդի զանգը Հայոց ցեղասպանության ժամանակ։ Ավրորա Մարդիգանյանի պատվին «Ավրորա» մրցանակը սահմանվել է որպես մարդասիրական մրցանակ, որը հիմնադրվել է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից ՝ ի երախտագիտություն նրանց փրկիչների :
«Ավրորայի լուսաբացը» հորդոր է՝ չմոռանալու և մերժելու պատմության սարսափելի էջերը»․ գրախոսություն։
1919 թվականին Հոլիվուդը թողարկեց համր ֆիլմ՝ «Հոգիների աճուրդը», որը հետագայում դարձավ դրամարկղային հիթ։ Ֆիլմը հիմնված էր Հայոց ցեղասպանությունը վերապրած դեռահաս Ավրորա Մարդիգանյանի (Արշալույս Մարտիկյան) իրական պատմության վրա: «Նա վերապրեց իր ողբերգությունը, որպեսզի կարողանա փրկել իր ազգը»,-ասում ֆիլմի ռեժիսոր Իննա Սահակյանը։ «Ավրորայի լուսաբացը» սարսափելի պատմություն է մի վերապրողի մասին, որի փորձությունները սարսափելի չափերի են․դրանք պետք է հիշեցնեն մարդկանց , որ անցյալի չարիքները երբեք չպետք է մոռացվեն, և որ ավելի կարևոր է՝ մերժվեն»,-համոզված է Իննա Սահակյանը:
Հ․Գ․Ֆիլմի նյութը պատմական է՝ Հայոց ցեղասպանություն, եղեռն ապրած հայուհու դրամատիկ կյանքի պատմություն։ Արշալույս (Ավրորա) Մարդիգանյանը եղեռնը վերապրած այն եզակի հայուհիներից է, որ իրենից հետո թողել է արժեքավոր պատառիկներ, որոնք էլ դարձել են 96 րոպե տևողությամբ «Ավրորայի լուսաբացը» խաղարկային-անիմացիոն-վավերագրական ֆիլմի հիմքը։ Ֆիլմում օգտագործվել են Կանադայի «Զորյան» ինստիտուտի «Բանավոր Պատմության» արխիվային նյութերը։ Հայ-գերմանա-լիտվական համատեղ արտադրության ֆիլմ է (արտադրող ընկերություններ՝ «Բարս մեդիա», «Gebrueder Beetz Filmproduktion», «Artbox Laisvalaikio Klubas»): Ռեժիսոր և սցենարիստ Իննա Սահակյան, պրոդյուսերներ` Վարդան Հովհաննիսյան, Քրիստիան Բից, Յուստե Միխայլինայտե»,- ասվում է հաղորդագրությունում: