Ֆրանսիացի պատգամավորներն այցելել են ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով տուժած բնակավայրեր
Երկօրյա այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ հոկտեմբերի 29-ին այցելել են Սյունիքի մարզ:
Օրենսդիրները Գորիսում հանդիպել են Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանի, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ:
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, վերջիններս հյուրերին մանրամասն ներկայացրել են սեպտեմբերյան ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով մարզում ստեղծված իրավիճակը, խնդիրները: Նշվել է, որ հակառակորդը թիրախավորել է խաղաղ բնակչությանը, վիրավորվել են գյուղատնտեսական աշխատանքներ կատարող գյուղացիներ: Բարձրաձայնվել են ՀՀ ինքնիշխան տարածքից գյուղացիների` խոշոր եղջերավոր մեծաքանակ անասուններ գողանալու դեպքեր:
«Այս ամենին զուգընթաց ոչ մի գյուղացի չի լքել իր բնակավայրը»,- ասել է Գորիս համայնքի ղեկավարը: Հայկական կողմը կարևորել է միջազգային հանրության կողմից Ադրբեջանի վարած քաղաքականության հասցեական դատապարտումը:
Հյուրերը նշել են, որ Ֆրանսիայի խորհրդարանում իրենք ներգրավված են հայկական հարցերի բարձրաձայնմանը վերաբերող գործընթացներում և այսօր էլ ցանկանում են տեղեկացնել թե' Ֆրանսիայի և թե' միջազգային հանրությանն ու գործընկերներին Հայաստանի ինքնիշխան տարածքների հանդեպ ադրբեջանական ագրեսիայի մասին:
Հյուրերը նշել են, որ առաջիկայում Ֆրանսիայի խորհրդարանում նախատեսում են ընդունել ադրբեջանական ագրեսիան դատապարտող և տարածաշրջանում տևական խաղաղության հաստատում պահանջող բանաձև:
Սյունիքի փոխմարզպետի ուղեկցությամբ ֆրանսիացի օրենսդիրներն այցելել են նաև Ադրբեջանի ռազմական գործողություններից տուժած Վերիշեն ու Վաղատուր գյուղեր, ծանոթացել ագրեսիայի հետևանքով առաջացած ավերածություններին:
Անդրադարձ է կատարվել տևական ժամանակահատվածում դիտորդական առաքելության տեղակայմանը, տնտեսական փոխգործակցությանը, ինչպես նաև քույր-քաղաքներ Գորիսի և Վիենի միջև համագործակցությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա