Ադրբեջանը կեղծ դրույթ է պարտադրում աշխարհին․ակադեմիկոս Յուրի Սուվարյան
Սույն թվականի նոյեմբերի 1-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկել է «Պրիմակովյան ընթերցումներ» համաժողովի արտագնա նստաշրջանը՝ նվիրված Հարավային Կովկասի արդի խնդիրների վերլուծությանը: Այս մասին հայտնում է ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժինը։
«Այն կազմակերպվել է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ներկայացուցչության, Եվգենի Պրիմակովի անվան Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի հետ համատեղ՝ Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի կազմակերպչական աջակցությամբ:
Նստաշրջանի մասնակիցներին ողջունել է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը և շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպմանն աջակցություն ցուցաբերած բոլոր կողմերին:
Իր ելույթում ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանն ասել է. «Մենք ողջունում ենք «Պրիմակովյան ընթերցումներ» համաժողովի կազմակերպչական կոմիտեի՝ համաժողովի արտագնա նստաշրջանը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում անցկացնելու որոշումը: Մեր ակադեմիաները, մեր գիտնականները պատմականորեն կապված են իրար հետ, և այս համաժողովը ևս մեկ քայլ է մեր երկու երկրների ակադեմիաների միջև համագործակցության զարգացման ուղղությամբ:
Համաժողովի ընթացքում կանցկացվեն կառուցողական քննարկումներ, տեղի կունենա բաց գիտական երկխոսություն խոշոր փորձագիտական, վերլուծական կենտրոնների գիտնականների, փորձագետների, մասնագետների միջև, կքննարկվեն գլոբալ և տարածաշրջանային հարցեր: Այսօր դա կարևոր և պահանջված է: Մաղթում եմ բոլորին բեղմնավոր աշխատանք»:
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշել է․ «Պրիմակովյան ընթերցումներ» համաժողովի արտագնա նստաշրջանի ՀՀ ԳԱԱ-ում անցկացումը միջոցառմանը հաղորդում է նոր կշիռ և հեղինակություն: «Վստահ եմ, որ նստաշրջանի մասնակիցներն առարկայական և բեղմնավոր կքննարկեն սուր և արդիական հարցերը և կմշակեն առաջարկություններ դրանց լուծման համար: Մեր երկրներն ունեն այդ առաջարկությունների կարիքը», - ասաց Սերգեյ Կոպիրկինը: Դեսպանն ընթերցեց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ուղերձը: Սերգեյ Լավրովի ուղերձում նշված է. «Սրտանց ողջունում եմ Երևանում անցկացվող «Պրիմակովյան ընթերցումներ» համաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին: Ներկայիս նստաշրջանն անցկացվում է Հայաստանում այն տարում, երբ մենք նշում ենք մեր եղբայրական երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Անցած տասնամյակների ընթացքում, հենվելով բարեկամության և փոխադարձ համակրանքի վրա, մեզ հաջողվել է ամուր հիմքեր դնել երկարաժամկետ ռազմավարական գործընկերության և դաշնակցության համար։ Այսօր դուք դիտարկելու եք հարցերի լայն շրջանակ՝ սկսած ռուս-հայկական կապերի հեռանկարների վիճակից մինչև ընդհանուր տարածաշրջանային համագործակցության առաջխաղացման ճանապարհներ: Վստահ եմ, որ քննարկումների արդյունքները թույլ կտան մշակել օգտակար և գործնական առաջարկություններ, կնպաստեն մեր ժողովուրդների միջև վստահության և փոխըմբռնման ամրապնդմանը: Մաղթում եմ ձեզ բեղմնավոր աշխատանք»:
«Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավարի տեղակալ Դմիտրի Պոլիկանովը նշել է. «Շատ կարևոր է, որ այս դժվարին ժամանակներում անցկացվում են նման բարդ քննարկումներ: Եթե մենք ուզում ենք այս մոլորակի վրա գոյատևել, պետք է ընդհանուր լեզու գտնենք: Եվ հենց գիտնականները կարող են օգնել մշակելու այդ ընդհանուր լեզուն»:
Եվգենի Պրիմակովի անվան Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի Ֆյոդոր Վոյտոլովսկին ասել է. «Ինձ համար մեծ պատիվ է գտնվել Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում, որի հետ մեր ինստիտուտը երկար տարիների գիտական կապեր ունի: Հայ գործընկերների հետ մեր ինստիտուտն անցկացնում է սեմինարներ և գիտաժողովներ: Հույս ունեմ, որ այստեղ մենք կունենանք բաց, անկեղծ, երբեմն էլ բարդ քննարկում: Մենք դրան պատրաստ ենք»:
ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանն անդրադարձել է Արցախի հարցին:
«Արցախի հիմնախնդիրը լուծում չի ստանում երկու պատճառներով: Ադրբեջանն արհամարհում է Արցախի հիմնախնդրին առնչվող պատմական, ազգային, մշակութային և իրավական օբյեկտիվ իրողությունները՝ նպատակ հետապնդելով գրավել Արցախի տարածքը: Հաջորդ պատճառն այն է, որ Ադրբեջանը կեղծ դրույթ է պարտադրում աշխարհին՝ իբր Արցախն Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքն է, մինչդեռ այն 1300 տարի հանդիսացել է հայկական պետության բաղկացուցիչ մաս, 1813 թվականից ունեցել է անկախ պետականության զանազան կազմավորումներ, իսկ Ադրբեջանն ունի 100 տարվա պատմություն, այդ թվում 70-ը՝ Խորհրդային Միության կազմում: Այսօրվա խնդիրն է՝ մերժել թուրք-ադրբեջանական տանդեմի պնդումն այն մասին, որ Արցախն Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքն է, որովհետև այն չունի իրավական, աշխարհագրական և պատմամշակութային հենք, մշակել միջոցառումներ Արցախի Հանրապետության անվտանգության ամրապնդման համար՝ վերականգնելով Արցախի տարածքը և Ռուսաստանի Դաշնության ու այլ բարեկամ երկրների հետ միասին ապահովել Արցախի Հանրապետության անվտանգությունը»:
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը նշել է. «Կուտակվել են շատ հարցեր, և հնարավոր պատասխանները գտնելու համար կարևոր է լսել տարբեր երկրների վերլուծաբանների կարծիքը: Մեզ համար հատկապես կարևոր է քննարկել տարածաշրջանային և միջազգային հարցերը Ռուսաստանի առաջատար փորձագետների հետ: Մեզ համար հատուկ հետաքրքրություն են ներկայացնում Արցախի հարցով քննարկումները: Նաև շատ կարևոր է հաստատել և ամրապնդել նոր կապեր»:
«Պրիմակովյան ընթերցումներ» գիտական և փորձագիտական համաժողովը միջազգային հարաբերությունների և համաշխարհային տնտեսության ոլորտի փորձագետների ամենամյա միջազգային հանդիպում է: Այն առաջին անգամ անցկացվել է 2015 թվականին և անվանվել է գիտնական և պետական գործիչ Եվգենի Պրիմակովի անունով»,- ասվում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին