«Հրաշագործը». Երբ կա հավատ
«Այն, ինչ այսօր տեղի է ունենում երկու թատրոնների՝ Գյումրու պետական դրամատիկական և Համազգային թատրոնների նախաձեռնությամբ, մասնագիտական լավատեսության հսկայական մի հենք է, լիցք է»,- ասուլիսում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։
Նրա խոսքով, այսօր իրականանում է այն, ինչի մասին տարիներ շարունակ խոսել են, քննարկել են, կարևորել են՝ միջհամանքային համագործակցություն, համախառն ստեղծագործական կազմ, հաղթահարել թատրոնների ստեղծագործական կոլեկտիվների ներփակվածությունը։
Նոյեմբերի 2-ին, 3-ին Համազգային թատրոնում կայանալու է Գյումրու պետական դրամատիկական և Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնների համատեղ աշխատանքի՝ «Հրաշագործը» ներկայացման երևանյան առաջնախաղը:
«Սա լավ օրինակ է բոլոր մեր մյուս համայնքային թատրոնների համար, աշխատել այս ձևաչափով, ներգրավել մայրաքաղաքի լավագույն ստեղծագործական ուժերը և արդյունքն իրեն սպասեցնել չի տա»,- ասաց փոխնախարարը։
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանի խոսքով, վաղուց են ցանկացել համատեղ ստեղծագործել, որովհետև շատ են սիրել երկու թատրոններով իրար. «Կարծում եմ, երբ շատ ես սիրում, հրաշքը տեղի է ունենում»։
«Երկու թատրոնները համախմբվել են Նիկոլայ Ծատուրյանի շուրջը, ով նույնպես հրաշագործ է, նա մեզ հավաքեց իր շուրջ»,- նշեց նա։
Ասուլիսին ներկա Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանն ասաց, որ Գյումրու թատրոնն ավանդույթ ունեցող թատրոն է, բայց շատ կարևոր է, որ կարողանան դռները բացել լավ ստեղծագործողների առաջ։
«Կարծում եմ՝ այս ավանդույթը պետք է շարունակվի։ Մենք լավ ստեղծագործական խումբ ունենք, Գյումրին լավ թատրոն է, բայց պետք է կարողանանք ժամանակի հետ համահունչ քայլել, նոր մարդիկ ընդունել թատրոն, որոնք իրենց հետ կբերեն նոր գեղագիտություն»,- ասաց Լյուդվիգ Հարությունյանը։
Ուիլյամ Գիբսոնի «Հրաշագործը» դրամայի հիմքում կույր և խուլ գրող, ամերիկացի հասարակական գործիչ Հելլեն Քելլերի մանկության պատմությունն է, որն իր ուսուցչուհու՝ Էննի Սուլիվենի շնորհիվ կարողանում է հաղորդակցվել արտաքին աշխարհի հետ։ Բեմադրությունը՝ ՀՀ ժող. արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանի, դերերում՝ ՀՀ վաստակավոր արտիստ՝ Նարինե Գրիգորյան, Անգելինա Զաքարյան, ՀՀ վաստակավոր արտիստ՝ Տիգրան Գաբոյան, Արփինե Մխիթարյան, Սարգիս Ղարիբյան, Տաթև Ղազարյան, Սեդա Մկրտչյան, Ֆրունզ Ամիրխանյան։
«Պարոն Ծատուրյանը վաղուց էր երազում բեմադրել այս պիեսը։ Շատ գեղեցիկ պիես է։ Ուիլյամ Գիբսոնի պիեսն է, հիմնված է վավերագրական պատմության վրա։ Հելլեն Քելլերի պատմությունն է, որ գիրք է գրել, հետո Ուիլյամ Գիբսոնը, օգտվելով այդ գրքից, գրել է այս պիեսը։
Այս ներկայացման մեջ ամենակարևորը հավատն է, որ ուսուցիչը ոչ մի րոպե չի կորցնում հավատը, որ կարող է կույր և խուլ երեխային սովորեցնել խոսել, չի կորցնում համբերությունը, կամքը, ձեռքում է բերում երեխայի հանդեպ մեծագույն սեր, վերջիվերջ սովորեցնում է խոսել։
Այդ երեխան մեծացել է, դարձել գիտնական, մաթեմատիկոս, գրել է վեց գիրք։ Ինձ համար կարծես հաղթող հերոսի մանիֆեստ լինի, հերոս, որը ոչ մի բանից չի նահանջում, իր կամքն առաջ է տանում, քանի որ հավատում է, որ կարող է դա անել, ուզում է դա անել»,- ասաց Նարինե Գրիգորյանը։
«Երբ որ երեխան սկսում է խոսել, ամբողջ դահլիճը ցնծություն է ապրում։ Իրոք, բոլորն են սպասում հրաշքի, մենք պետք է պարտադիր հավատանք հրաշքին»,- ասաց Լյուդվիգ Հարությունյանը։
Նշենք, որ Գյումրու պետական դրամատիկական թատրոնն իր նոր թատերաշրջանի մեկնարկը տվել է սեպտեմբերի 24-ին՝ հենց Ուիլյամ Գիբսոնի «Հրաշագործը» պիեսի ներկայացմամբ: