Թաթոյան. Կատարել ենք Կապան, Ճակատեն, Սրաշեն, Ներքին Հանդ տանող ճանապարհների ուսումնասիրություն
Հայաստանի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրում է.
«Այսօր իրականացրել ենք այցեր Սյունիքի մարզի Կապան քաղաք, Ճակատեն, Սրաշեն, Ներքին Հանդ գյուղեր, կատարել ենք ճանապարհների ուսումնասիրություն Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի խորհրդատուներ, միջազգային փաստաբաններ Կարօ Ղազարեանի և Գառնիկ Քերքոնյանի հետ միասին:
Փաստահավաք աշխատանքները շարունակվում են:
Արձանագրած փաստերը` կապված ՀՀ ինքինշխան տարածք ադրբեջանական հանցավոր ներխուժումներով, ՀՀ գյուղերի հարևանությամբ և համայնքների միջև ճանապարհներին ադրբեջանական անօրինական զինված տեղակայումներով երկրի անվտանգության, բնակչության կյանքի համար առաջացրած խորքային խնդիրների հետ, կվերլուծվեն և կներկայացվեն համապատասխան կառույցներին»։
Ավելի վաղ Թաթոյանը տեղեկացրել էր, որ փաստահավաք հատուկ առաքելությամբ եռօրյա այցով Սյունիքի մարզում են, որի նպատակն է ուսումնասիրել ներկա վիճակը և արձանագրել այն բոլոր խնդիրները, որոնք առաջ են եկել ադրբեջանական զինված ծառայողների անօրինական տեղակայումների հետևանքով։
«Այս պահին միանշանակ է, որ մեր գյուղերի հարևանությամբ, ճանապարհներին նրանց ներկայության պատճառով վտանգված է մարդկանց անվտանգությունն ու խաթարված բնականոն կյանքը։
Արձանագրված բոլոր փաստերը կվերլուծվեն և կուղարկվեն միջազգային կառույցներին։
Այս աշխատանքը կարևոր է, որպեսզի թույլ չտանք, որ ադրբեջանական կողմը միջազգային հանրությանը մոլորեցնի իր խաղաղասիրության կեղծ օրակարգով։
Այո, խաղաղությունը կարևոր ու անհրաժեշտ է, բայց այն չպետք է թմրեցնի մեր զգոնությունն ու լինի միայն հայկական կողմի ու մեր իրավունքների ոտնահարման հաշվին»,-նշել էր նախկին ՄԻՊ-ը։
Հարակից հրապարակումներ`
- Պատերազմից հետո Ներքին Հանդում ձևավորված գրեթե ամբողջ առաջնագիծն անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո. Գրիգորյան
- Ներքին Հանդում Ադրբեջանի շարունակվող ոտնձգության հետևանքով համայնքի բնակիչների համար ստեղծվել է առավել դժվարին իրավիճակ. ՄԻՊ
- Թաթոյան. ՀՀ կառավարության անպատասխանատու աշխատանքի ու ադրբեջանական հանցավոր արարքների հետևանքով այսօր արդեն հնարավոր չէ օգտագործել Կապան-Ճակատեն ճանապարհը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին