Միայն տնտեսության առումով այս տարի հնարավորություն ունենք վերադառնալու 2019 թ.տեմպին. Նիկոլ Փաշինյան
«Կուզեի խոսքս սկսել այն արձանագրումով, որ այսօր ՀՀ տնտեսությունը բում է ապրում և տեղյալ եք, որ հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 14.1%»,-ԱԺ-ում ՀՀ 2023 թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ այդ տեմպը երկրին տալիս է հնարավորություն, որպեսզի 2022 թվականի արդյունքներով հաղթահարված համարվի 2020 թ.-ի համավարակի և պատերազմի հետևանքով առաջացած զուտ տնտեսական դժվարությունները և վերականգնեն տնտեսական զարգացման տեմպը:
«Զուտ միայն տնտեսության առումով այս տարի հնարավորություն ունենք վերադառնալու 2019 թ.տեմպին՝ արդեն 4 տարվա կտրվածքով՝ 2018-2022 թ. արդյունքներով»,-ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ կոնցեպտուալ առումով իրենց մոտեցումն այն է, որ Կառավարությունը պետք է հնարավորինս քիչ միջամտի տնտեսական հարաբերություններին, ավելի շատ զբաղվի տնտեսական հնարավորությունների ստեղծման հարցերով ու տնտեսական խնդիրների հաղթահարումով:
«Այսօր քաղում ենք մեր աշխատանքի պտուղները՝ մենաշնորհների հաղթահարման, օլիգարխիայի վերացման, օրենքի առաջ բոլորի հավասարությունը ապահովելու և համակարգային կոռուպցիայի հաղթահարման մեր քաղաքականության»,-հայտնեց Փաշինյանը և հիշեց, որ այս տարի Հայաստանը տնտեսական ազատության ինդեքսում 100 երկրների շարքում 11-րդ տեղն է բարձրացրել:
Գործադիրի ղեկավարը հիշեց, որ երբ վերջին ցուցանիշը հրապարակվել է, իր շատ ընդդիմախոսներ ասում էին, որ Հայաստանը 11-րդ տեղն է զբաղեցնում այն պատճառով, որ իրականում շատ երկրների ցուցանիշները քովիդի համավարակի կառավարման վատ պայմաններում գահավիժել են:
Ստացվում է, որ մեզնից շատ ավելի զարգացած երկրներ այնքան վատ են կառավարել քովիդի համավարակը, որ իրենց տնտեսական վարկանիշը և միջավայրը կամ փլուզվել են, կամ գահավիժել: Սա նշանակում է, որ մենք քովիդի համավարակն այնքան լավ ենք կառավարել, որ, ի տարբերություն շատ զարգացած երկրների, մեր արդյունքները չեն գահավիժել, ընդհակառակը, լրջագույն պրոգրես ենք ապահովել տնտեսության զարգացման կամ կառավարման առումով»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Բադասյանը հայտարարեց, որ պատրաստ են սահմանային ծառայություններ մատուցել ադրբեջանցիներին
- 2023թ. կապիտալ ծախսերի ավելացված հատվածի ¾-ը պաշտպանության բնագավառին է վերաբերում. Տիգրան Խաչատրյան
- Պարտքի սպասարկումն ընդհանուր ծախսերի կառուցվածքում լինելու է 10.5 %, սա ցածր ցուցանիշ չէ. Տիգրան Խաչատրյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան