Եսենինի մուսա Շահանե Տալյանի պատմությունը «Շահանե. պոետի գաղտնիքը» մոնոներկայացում
Հայ հանդիսատեսը կրկին հնարավորություն ունի դիտելու «Շահանե. պոետի գաղտնիքը» մոնոներկայացումը: Բեմադրիչը Կարո Բալյանն է, դերասանուհին՝ Տատա Խաչատրյանը՝ Սանկտ Պետերբուրգից: Այս ներկայացումը հայկական բեմում առաջին անգամ ցուցադրվել է 2019 թվականի հոկտեմբերին։
Panorama.am-ի հետ զրուցում Տատա Խաչատրյանն ասաց, որ Հայաստանում այս ներկայացմամբ կրկին հանդես գալու որոշում կայացրել է այն պատճառով, որ հայ հանդիսատեսը պարբերաբար հետաքրքրվել է, թե երբ կրկին կարող են դիտել «Շահանե. պոետի գաղտնիքը» մոնոներկայացումը։
«Հանդիսատեսն այս երեք տարիների ընթացքում գրում էր՝ երբ եք էլի գալու։ Բացի այդ, Հայաստանը Շահանեի պատմական հայրենիքն է, ինձ համար շատ կարևոր է, որ կրկին հյուրախաղերով հանդես գամ այստեղ։ Այսինքն՝ բացի այն, որ հանդիսատեսն էր ուզում, նաև ինձ համար է կարևոր»,- նշեց նա։
Տատա Խաչատրյանի խոսքով, Պետերբուրգում «Շահանե. պոետի գաղտնիքը» մոնոներկայացման տոմսերը շատ արագ վաճառվում են. «Ներկայացումը նույնիսկ ունի իր երկրպագուները, արդեն 3, 4 անգամ դիտել են»։
Ներկայացումը ռուս հայտնի բանաստեղծ Սերգեյ Եսենինի և հայազգի Շահանե Տալյանի պատմության մասին է։ Եսենինին «Շահանե, օ, դու իմ Շահանե» բանաստեղծությունը գրելիս ոգեշնչել է հենց երիտասարդ հայուհին։
Տ.Խաչատրյանն ասաց, ռուսական շրջանակներում ընդհանրապես շատ քիչ անդրադարձ կա այդ կապին, քչերը գիտեն Եսենինի մուսաներից Շահանեի մասին։
«Ես չէի հասկանում, թե ինչու են Ռուսաստանում խոսում Եսենինի բոլոր սերերի մասին, բացի հայ կնոջից, ով ռուս հայտնի պոետի կյանքի վրա մեծ ազդեցություն, հետք է թողել։ Իր մասին նույնիսկ սերիալներում որևէ խոսք չկա։
Ռեժիսոր Կարո Բալյանի հետ ուզում էինք համագործակցել, ընտրում էինք, թե ինչ պիեսով հանդես գանք, որոշեցինք անդրադառնալ հենց այս պատմությանը։ Սկսեցինք ուսումնասիրել տարբեր արխիվներ, պիեսը գրելիս օգնել է Կարիեն Խոդիկյանը, Շահանեի բարեկամները, Ռուսաստանի գլխավոր եսենինագետը։ Ստացվեց մեծ դոկումենտալ ներկայացում»,- ներկայացրեց Տատա Խաչատրյանը։
Նա պատմեց, թե ինչպես ներկայացումներից հետո ռուս հանդիսատեսը մոտենում է իրեն, շնորհակալություն հայտնում, որ այս բեմադրության շնորհիվ իմացան Եսենինի և հայուհու մասին։
«Ինձ ու ռեժիորի համար հենց դա է կարևոր՝ բոլորն իմանան, որ Եսենինի կյանքում, իրոք, հայ կինը գոյություն ուներ, ոչ թե Եսենինի կողմից մտածված էր»,- ասաց դերասանուհին։
Նա հայտնեց, որ «Շահանե. պոետի գաղտնիքը» մոնոներկայացումը դեռ Մոսկվայում չի ներկայացվել։
«Ինձ թվում է այս ներկայացումը դեռ երկար տարիներ կցուցադրվի։ Մոսկվայում չեմ խաղացել, այնտեղ էլ սպասում են։ Մեր առաքելությունն է՝ բոլորն իմանան Շահանեի մասին, և մենք այդ առաքելությունը կիրականացնենք»,- ասաց Տատա Խաչատրյանը։
Նոյեմբերի 9, 10, 11-ին «Շահանե. պոետի գաղտնիքը» մոնոներկայացումը կլինի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի փոքր բեմում։
Տատա Խաչատրյանը ծնվել է Սանկտ Պետերբուրգում։ Մանկուց նա աշխատում է ինչպես դրամատիկական թատրոնում, այնպես էլ մյուզիքլներում և կինոյում ։ Նրա անունը հայտնի է հանդիսատեսին Սանկտ Պետերբուրգի Երաժշտական Կոմեդիայի պետ. Թատրոնի՝ «Օլիվեր Թվիսթ», «Ալադին» ներկայացումներից, ինչպես նաև «Դոկտոր Ռիխտեր», «Մաժոր-3» , և այլ հայտնի հեռուստասերիալներից: Ինչպես նաև «Դուքս Կապույտ Մորուքի դղյակը» օպերայից, որը բեմադրվել է Մարինյան Թատրոնում: Հենց այդ բեմադրությունն էլ ընդգրկվեց ռուսական ազգային «Ոսկե Դիմակ» մրցանակաբաշխության ցուցակում: 2012 թվականին՝ լինելով ԳԻՏԻՍ-ի շրջանավարտ, ստացել է հրավեր ռեժիսոր՝ Վիկտոր Մերեժկոյից, նկարահանվելու գլխավոր դերում՝ «Ֆերմերը» հեռուստասերիալում, իմիջիայլոց, հերոսուհու կերպարը գրվել էր հատուկ Տատա Խաչատրյանի համար: