«44-ի տղերքը». Գիրքը հոգու պարտք է այն տղեքին, որոնց վերջին լուսանկարողը ես էի
Երևանում երեկ երեկոյան կայացավ ռազմական լրագրող, «Բանակ ինֆո» կայքի հիմնադիր Դավիթ Թորոսյանի հեղինակած «44-ի տղերքը» գրքի շնորհանդեսը։
Թորոսյանը պատերազմի ողջ ընթացքում եղել է Արցախում՝ գնդակոծվող դիրքերում, ռազմական գործողությունների էպիկենտրոնում, զրուցել զինծառայողների հետ, լուսանկարել նրանց, նաև հասցրել անհրաժեշտ օգնություն։ Պատերազմի ընթացքում տեսածը, լսածը, լուսանկարածը շարադրել, մշակել, ամփոփել ու թղթին է հանձնել։
Միջոցառումը բացվեց տերունական աղոթքով, որը հնչեցրեց ԶՈՒ գնդերեց
Տեր Գյուտ քահանա Գալստյանը։
Փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Հովհաննես Հովհաննիսյանը, խոսելով գրքի մասին, նկատեց՝ Դավիթ Թորոսյանը նախաբանում նշում է՝ հայ զինվորը չի պարտվել։
«Չի կարելի չհամաձայնել այդ մտքի հետ։ Հայ զինվորն արեց ամեն հնարավորն ու անհնարինը, հազարավորները չխնայեցին իրենց կյանքն ու առողջությունը հանուն հայրենիքի։ Բանակը չի պարտվել, այն իր գերագույն ճիգերով փորձել է շտկել սխալներն ու անգործությունը, որոնք կուտակվել են ու շարունակվում են կուտակվել դիվանագիտության, տնտեսության ու այլ ոլորտներում թույլ տված սխալների հետևանքով»,-ասաց Հովհաննիսյանը՝ ընդգծելով, պետք է համարձակություն ունենալ ու տեր կանգնել պարտությանը, քանի որ դրա համար մեղավոր ենք բոլորս՝ մտավորականը, քաղաքական գործիչը, հրամանատարը, պետք է հիշել, որ պատերազմը չի ավարտվել։
Գրքի հեղինակը նշեց, որ մեկնարկին չէր էլ պատկերացնում սպասվող աշխատանքի ահռելի ծավալը։ Աշխատանքները սկսել են մեկ ու կես տարի առաջ։
«Գրքում տեղ գտած բոլոր լուսանկարների տերերի մասին մանրամասն տեղեկատվություն է հավաքվել, ստուգվել, հավաստիացել ենք պատմությունների ճշմարտացիության մեջ։ Ահռելի ու տանջալի աշխատանք էր, երբ հոգնածությունը թոթափում էինք այն տեղեկատվությամբ, որ լուսանկարի զինծառայողը ողջ է։ Սա հոգու պարտք է այն տղեքին, որոնց վերջին լուսանկարողը, ցավոք, ես եմ եղել։ Գիրքը մեր զոհված տղաների խնկարկումն է, ողջերի հանրահռչակմանն ուղղված քայլ»,-ասում է Դավիթ Թորոսյանը։
Նա տխրությամբ է փաստում, որ շատերս չենք ճանաչում մեր կողքին ապրող այն մարդկանց, որոնք արհամարհել են մահը, ովքեր հաղթել են մահվանը, նայել մահվան աչքերին ու ժպտացել, մինչդեռ նրանց լուսանկարները, պատմությունները պետք է ներկայացվեն ամենուր՝ փողոցում, դպրոցում...Լուսանկարներն արել է Դավիթ Թորոսյանը՝ 2020-ի սեպտեմբերի 27-ից ի վեր՝ այնտեղ սահմանում կռիվ տվողներն են՝ կին-տղամարդ, պայմանագրային-ժամկետային, ահել-ջահել։
Գրքում ներկայացված զինծառայողներից 25-ն անմահացել են։ Նրանց անունները հնչեցրեցին միջոցառման ընթացքում։
Թորոսյանն ասաց՝ երբ գիրքն արդեն պատրաստ էր տպագրության, պարզվեց ռուս-ուկրիանական պատերազմի հետևանքով Հայաստանում թղթի պակաս կա, հետո սեպտեմբերին տեղի ունեցավ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիան Հայաստանի Հանրապետության նկատմամբ։
«Հետաձգվեց, հետաձգվեց, ու շնորհանդեսը բախտի քմահաճույքով տեղի ունեցավ Կովսականի ազատագրման օրը։ Սա շատ խորհրդանշական է, քանի որ իմ առաջին այցն Արցախ տարիներ առաջ եղել է հենց Կովսական»,-ասաց Թորոսյանը։
Քաղաքական-հասարակական գործիչ Թևան Պողոսյանը ցանկություն հայտնեց, որ Թորոսյանի գիրքը մաշվի մարդկանց ձեռքերում, ընթերցեն, տեսնեն ու ոգևորվեն տղաների արածով։
«Գրքում ժպտացող, իրար գրկախառնված... զինվորները խոսք ունեն, որը պետք է փոխանցել։ Այո, պատերազմը չի ավարտվել, բայց դրանից չպետք է վախենալ, այլ դրան պետք է պատրաստվել»,-ասաց նա։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, որ պատերազմի ողջ ընթացքում Արցախում էր, խոստովանեց՝ զինված ուժերի, պատերազմի, հարաբերությունների, զինվորների մասին ավելի հեշտ գրում է, քան բանավոր խոսում։
«Առաջին անգամ, երբ Դավիթը ինձ տվեց գիրքը, ես թերթեցի ... Զուգահեռ տարա Եռաբլուր այցելելու հետ։ Գրքում էլ մարդիկ են, որոնք ֆիզիկապես մեզ հետ չեն։ Եռաբլուրում էլ հանդիպում եմ մարդկանց, որոնց տարբեր տարիների հանդիպել եմ դիրքերում, հայրենիքի ամենակարևոր հատվածներում»,-ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով հեղինակին, որ ներկայացրել է պատերազմում գործված սխրանքները։
Միջոցառմանը ներկա էին նաև գրքում ներկայացված տղաների հարազատները՝ ծնողները, կանայք, երեխաները։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լուսանկարները՝ «44-ի տղեքը» ֆեյսբուքյան էջից։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին