Համաձայնել ենք ՌԴ գործընկերների հետ, որ ԼՂ կարգավիճակի հարցն անորոշ ժամանակով հետաձգվի. Փաշինյան
Սոչիում հոկտեմբերի 31-ին կայացած եռակողմ հանդիպումը Նիկոլ Փաշինյանը գնահատում է շատ օգտակար և կարևոր։ Նա իր գնահատականը հնչեցրեց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թվականին պետբյուջեի նախագծի քննարկումների ընթացքում։
Նա հարցադրում արեց. «Արդյո՞ք այդ հանդիպման արդյունքում կարող եմ արձանագրել, որ քայլ արվեց խաղաղության օրակարգի իրականացման ուղղությամբ»։ Ապա արձագանքեց. «Կարող եմ ասել՝ այո, միանշանակ, շատ օգկատար և կարևոր հանդիպում էր»։
Նա նշեց որ հանդիպումն ունեցել է և հրապարակային մաս, և դռնփակ։
«Տեղյակ եք, որ Ռուսաստանի մեր գործընկերները հայտարարել են, որ, իրենց կարծիքով, ճիշտ մոտեցումը կլինի այն, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը հետաձգվի անորոշ ժամանակով։ Սա հիմնավորվում է նրանով, որ այս պահին օբյեկտիվորեն չկա հնարավորություն գտնելու մի կարգավիճակ, որը փոխընդունելի կլինի։ Իմաստն այն է, որ կարգավիճակի հարցը հետաձգվի։
Ինչքանո՞վ է Հաայաստանի կառավարության քաղաքականությունը համապատասխանում այս տեսլականի հետ։ Պետք է ասեմ, որ լիարժեք և 100 տոկոսով է համապատասխանում։
Ի սկզբանե արձանագրելով, որ կա այդ հարցի երեք կոմպոնենտ՝ ԼՂ հայության անվտանգություն, իրավունքներ և կարգավիճակ։ Դուք նկատել եք, որ հետագայում հընթացս մենք կարգավիճակ բառը՝ որպես այսօրվա ամենօրյա լուծման խնդիր, փորձել ենք մի կողմ դնել։
Ինչո՞ւ։ Հենց այս տեսլականի բերումով, որովհետև մենք համաձայնվել ենք ռուսաստանցի մեր գործընկերների հետ, որ այդ թեման հիմա չարժե գնալ ու փորձել լուծել, որովհետև դա կբերի անխուսափելի ճգնաժամի»,- ասաց Փաշինյանը։
Նա նաև նշեց, որ առաջարկել են հենց Սոչիում որոշում կայացվի ԼՂ-ում տեղակայված ռուս խաղաղապահների մանդատը երկարացնել անորոշ ժամանակով, 20 տարով, 15 տարով կամ 5 տարով և այլն. «Պետք է ասեմ, որ, ինչպես ակնհայտ է բոլորիդ համար, այդ առաջարկը չընդունվեց, բայց նաև պիտի արձանագրեմ, որ, իմ ընկալմամբ, հարցը դարձավ օրակարգային։
Հարցը, այսպես թե այնպես, օրակարգային է, թեև ես ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել հետևյալ փաստի վրա․ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ԼՂ-ում խաղաղապահների ներկայության ժամկետը երկարացվում է ինքնաբերաբար։ Այսինքն՝ դա կարող է չերկարացվել, միայն եթե կողմերից որևէ մեկը առարկություն ներկայացնի ժամկետը լրանալուց 6 ամիս առաջ»։
Նիկոլ Փաշինյանի խոսքով, ակնհայտ է՝ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների ու անվտանգության երաշխավորման կարևորագույն գործոնը խաղաղապահների ներկայությունն է այնտեղ, քանի դեռ չեն ստեղծվել հուսալի մեխանիզմներ և երաշխիքներ անվտանգության ու իրավունքների ապահովման համար:
Նա նաև հայտարարեց. «Մեր քաղաքականությունը Սոչիից առաջ և հետո ոչ մի, նույնիսկ նվազագույն փոփոխություն չի կրել, որովհետև մեր քաղաքականությունը եղել է դա։ Ուրախ եմ արձանագրել, որ Սոչիում վերահաստատվեց Պրագայում ձեռք բերված պայմանավորածությունները։ Ես իմ կողմից վերահաստատեցի, բայց մյուս կողմից այդ պայմանավորվածությունների որևէ հերքում կամ բացառում չեղավ, առնվազն փաստաթղթի մեջ արձանագրված, և մենք շարունակելու ենք մեր ակտիվ գործունեությունը խաղաղության օրակարգի իրականացման և իրագործման շուրջ»,- ասաց Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
- Խաղաղության պայմանագիր դեռ չկա. Պուտին
- Պուտինը չի մանրամասնել, թե ինչի շուրջ համաձայնության չեն եկել եռակողմ հանդիպմանը
- Պուտին-Փաշինյան-Ալիև համատեղ հայտարարությունը
- Ալիևը, Փաշինյանն ու Պուտինը համաձայնեցրել են համատեղ հայտարարություն
- Սոչիում մեկնարկել է Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումը. Պեսկով
- Եռակողմ բանակցությունների նպատակը ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների կատարումն է․ Պուտին
- Պուտին. Տասնամյակներ շարունակվող հակամարտությանը պետք է վերջ դնել
- Սոչիում մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը
- Լիահույս ենք՝ հոկտեմբերի 31-ին եռակողմ հանդիպմանը չի ստորագրվի արցախյան հիմնախնդրի գոյությունն անտեսող փաստաթուղթ. Արցախի ԱԺ նախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան