Պնդում եմ՝ այդ շփումները կան. Սիմոնյանը՝ Բաքվի և Ստեփանակերտի միջև բանակցությունների հնարավորության մասին
«Սոչիում, Պրագայում քննարկվում է մեծ մասամբ Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության համաձայանագիրը»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա նշեց, որ Սոչիում, Պրագայում, մնացած բոլոր տեղերում իրենք մշտապես ասել են և ասելու են, որ Արցախի ժողովրդի ճակատագիրը, Արցախի հետ կապված բոլոր խոսակցություններն անմիջականորեն պետք է տեղի ունենան Արցախի իշխանությունների ներկայացուցիչների կողմից և մասնակցությամբ։
Հարցին՝ Բաքվի և Ստեփանակերտի միջև բանակցությունները հնարավոր համարո՞ւմ եք, նա պատասխանեց. «Եթե նայում ենք ադրբեջանական հռետորաբանությանը, իրենք դա որակում են որպես բանակցություն իրենք իրենց քաղաքացիների հետ։ Իրենք այդպես են մեկնաբանում, ասում են՝ մենք մեր քաղաքացիների հետ կբանակցենք։
Բայց այդ խոսակցությունն ու այդ շփումներն այսօր նույնպես կան։ Ոչ ֆորմալ ձևով, շատ մանր հարցերի պարագայում, բայց, պնդում եմ, այդ շփումները կան»,- ասաց Սիմոնյանը։