Խոզապինի լճի ճահճացումը. այն կուսումնասիրվի 2023-2024 թթ.-ին
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Jnews-ը, Ախալքալաքի մունիցիպալիտետի Կարզախ գյուղի Խոզապինի լիճը ճահճանում է, լճի վիճակի վատթարացումն ակնհայտ է։ Լիճը Ջավախքի Պահպանվող տարածքների մաս է կազմում։ ինչ են պատրաստվում անել Պահպանվող տարածքների գործակալությունում, այս հարցի պատասխանը Jnews-ը ստացել է հենց այս գործակալությունից։
Խոզապինի լճի մի մասը, որը հաճախ անվանում են նաև Կարծախ, գտնվում է թուրքական կողմում։ Լճի մակերեսը արդեն երկու տարի է պատված է ջրաճահճային բուսականությամբ, ինչը վկայում է ճահճացման գործընթացի մասին։ Այս տարի լճի վիճակն էլ ավելի է վատացել: Հիմնականում այս պրոցեսների ընթացքում բուսածածկույթի մնացորդները, որոնք մեռնում են, իջնում են հատակը, լցնում ջրափոսը, ջրամբարը վերածելով ճահճի, արդյունքում առաջանում է թթվածնի անբավարարություն և լճի ձկների անկում։
Կարծախում Խոզապինի լիճը ճահճանում է
Վրաստանի Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարությանն առընթեր, Վրաստանի Պահպանվող տարածքների գործակալությունում Jnews-ի հարցերին ի պատասխան նշում են, որ Խոզապինի լիճն անդրսահմանային է, և լճի լավագույն ու արդյունավետ կառավարումն ապահովելու համար, Պահպանվող տարածքների գործակալությունը, թուրքական կողմի հետ համատեղ, ակտիվորեն աշխատում է կառավարման մեխանիզմի մշակման ու ներդրման ուղղությամբ։ Տեղեկատվության մեջ նշվում է, որ լճի վերջին ուսումնասիրությունն իրականացվել է 2019 թվականին, սակայն այն ժամանակ ճահճացման խնդիր չի բացահայտվել։
«2019 թվականին Կարզախ լճում իրականացվել է իխտիոֆաունայի ուսումնասիրություն։ Հետազոտության հիման վրա պատրաստվել են առաջարկություններ, որոնց համաձայն լճում իխտիոֆաունայի բարելավման ուղղությամբ իրականացվել են տարբեր աշխատանքներ։ Ուսումնասիրությունների արդյունքում լճի ճահճացման խնդիր չի նկատվել, սակայն լճի մաքրման անհրաժեշտությունը եղել է ուսումնասիրությունների առաջարկություններից մեկը։ Մաքրման աշխատանքներ նախատեսվում է իրականացնել 2023 թվականին»։
Անդրադառնալով կոնկրետ ճահճացման խնդրին, պատասխանում նշվում է.
«Գլոբալ հիմնական մարտահրավերներից մեկը կլիմայի փոփոխության հետևանքն է, տեղումների բացակայությունը զգալի ազդեցություն է ունեցել լճերում ջրի մակարդակի վրա։ Վրաստանի մյուս լճերը նույնպես բախվել են այս իրողությանը։ Սա նկատի ունենալով, ձեռնարկվում են բոլոր միջոցները, այդ թվում՝ լճերի մաքրման աշխատանքներ։ Տեղեկացնում ենք, որ առաջիկա 2023-24 թվականներին նախատեսվում են հետազոտություններ Ջավախքի Պահպանվող տարածքների լճերի համար (ներկայիս գիտական հետազոտություններն իրականացվում են 5-10 տարի ընդմիջումներով), ինչի արդյունքում, ըստ անհրաժեշտության, կնախատեսվեն համապատասխան միջոցառումներ»։
Լճի ճահճացման խնդրի մասին սկսել էին խոսել դեռ անցյալ՝ 2021 թվականից։ 2021 թվականի հոկտեմբերի 28-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյում տեղի իշխանությունների, Ջավախքի ազգային պարկի, ոստիկանության, նահանգապետարանի և սահմանապահ ոստիկանության ներկայացուցիչները քննարկել էին Խոզապինի լճի մաքրման անհրաժեշտությունը։
Խոզապինի լիճը ճահճանում է, ինչպես փրկել այն
Այս հանդիպումից հետո, ըստ Ջավախքի Պահպանվող տարածքների Այցելուների կենտրոնի վարչական և անվտանգության մենեջեր Սամվել Պետրոսյանի, Խոզապինի լիճը մաքրվել է երկու անգամ՝ այս տարի և անցյալ տարի։
«Երկու մաքրման աշխատանքների ընթացքում լճից 1000-ից ավելի ձկնորսական ցանց ենք հանել, բայց այնտեղ էլի են մնացել։ Ցանցերի մեջ տիղմ էր լցվել, հնարավոր չէր մաքրել։ Մտածում ենք տեխնիկա բերել ու դրանով մաքրել։ Շատ պատճառներ կան, որոնց հետևանքով լճի վիճակը վատանում է»,- ասում է Սամվել Պետրոսյանը։
Նրա խոսքով, հոկտեմբերի 31-ին Թբիլիսիում հանդիպել են Գործակալության ղեկավարության հետ և պատմել լճում տիրող իրավիճակի մասին։ Քննարկումից հետո, պատճառները պարզելու և հնարավոր լուծումներ գտնելու համար, որոշվել է ուսումնասիրություն կատարել։
Խոզապինի լճի ճահճացման մի քանի պատճառ կա: Բնապահպանության գծով փորձագետ Լալի Մաչաիձեն հակված է կարծել, որ մոտակայքում գտնվող ցանքատարածություններում օգտագործվող թունաքիմիկատները նույնպես կարող են ճահճացման պատճառ հանդիսանալ: